Կարծիք

10.02.2010 11:49


«Ախ, ինչ խճճված ցանց ենք հյուսում, մինչ հմտանում ենք խաբելու մեջ»

«Ախ, ինչ խճճված ցանց ենք հյուսում,  մինչ հմտանում ենք խաբելու մեջ»

Սույն հոդվածի վերնագիրն ընտրված է Վալտեր Սկոտի «Մարմիոն» դյուցազներգական պոեմից, որը ճշգրտորեն նկարագրում է խաբեությունների այն թակարդը, որը թուրք ղեկավարները լարել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ձգտման կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով:

Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու քողի տակ թուրքական իշխանությունն իրականում նպատակադրվել էր. առաջին' զիջումներ կորզել Հայաստանից' Արցախը վերադարձնել Ադրբեջանին, Ցեղասպանության փաստերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել և խոչընդոտել Թուրքիայից տարածքային պահանջատիրությանը, երկրորդ' կանխել այլ երկրների, հատկապես Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, և երրորդ' դրական կերպար ստեղծել՝ հեշտացնելով Թուրքիայի մուտքը Եվրամիություն:

 Եթե Թուրքիան անկեղծ լիներ Հայաստանի հետ սահմանը բացելու իր մտադրության մեջ, ապա կարող էր դա անել նույն հեշտությամբ ու արագությամբ, ինչպես 1993 թվականին՝ սահմանը փակելիս: Դրա համար երկարատև բանակցություններ, խճճված արձանագրություններ և խորհրդարանական վավերացումներ անհրաժեշտ չէին: Դեռ ավելին, զիջումներ պահանջելու փոխարեն Թուրքիան պետք է շահագրգռեր Հայաստանին, որպեսզի վերջինս համաձայներ սահմանի բացմանը, քանի որ փակ սահմաններով Թուրքիան չէր կարող միանալ Եվրամիությանը:

Սկսած 2009 թվականի ապրիլի 22-ից, երբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն առաջին կոնկրետ քայլը ձեռնարկեցին' հրապարակելով ճանապարհային քարտեզը, թուրք ղեկավարները շարունակում էին հաստատել, որ իրենք Հայաստանի հետ սահմանը չեն բացի, քանի դեռ Արցախի հակամարտությունը չի լուծվել: Անգամ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, արձանագրությունները ստորագրելուց հետո և դրանք տասնմեկ օր անց խորհրդարանին ներկայացնելուց, թուրքական կառավարությունը դեռ պնդում էր, որ սահմանը փակ կմնա, մինչև Արցախը կվերադարձվի Ադրբեջանին:

Քանի որ գերտերություններից և ոչ մեկը չսատարեց Արցախի վերաբերյալ նախապայմաններին, Թուրքիայի ղեկավարները վերջին չորս ամիսներին արձանագրությունները չվավերացնելու համար որպես նոր արդարացում օգտագործեցին Հայաստանի Սահմանադրական դատարանի 2010 թվականի հունվարի 12-ի որոշումը: Չնայած Դատարանը սահմանեց, որ արձանագրություններով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն Անկարայի ղեկավարությունը դժգոհություն հայտնեց' քողարկելով արձանագրությունները չվավերացնելու իր մտադրությունը: Թուրքիան պահանջեց, որ Դատարանը «ուղղի» իր որոշումը, սոսկ այն պատճառով, որ այն արգելափակում էր թուրքական կողմի չհիմնավորված մեկնաբանություններն ու նախապայմանները:

Չկարողանալով համոզել Հայաստանին' բավարարել իրենց պահանջները, թուրքական իշխանությունները դիմեցին Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Շվեյցարիային (արձանագրությունների հարցով միջնորդ), որպեսզի  ճնշում գործադրեն Հայաստանի վրա, Սահմանադրական դատարանի որոշումը □ուղղելու□ համար: Մեկ անգամ ևս թուրքերը կտրուկ մերժում ստացան:

Նախորդ շաբաթ արձանագրությունները չվավերացնելու համար Թուրքիան մի նոր արդարացում գտավ՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանի (Կալիֆորնիա) հայտարարությունը, ըստ որի այդ մարմինը մարտի 4-ին քննարկելու է Հայոց Ցեղասպանության բանաձևը:

Չնայած Ցեղասպանության բանաձևը կապված չէ արձանագրությունների հետ, սակայն կոնգրեսական Բերմանի հայտարարությունից մի քանի օր առաջ, Վաշինգտոնում Թուրքիայի նոր դեսպան Նամիկ Թանը ԱՄՆ Կոնգրեսին նախազգուշացրեց նման շարժման դեմ և շատ ինքնավստահորեն կանխատեսեց, որ այդպիսի բանաձև □այս տարի կամ երբևէ ապագայում□ չի դրվի քվեարկության: Դեսպան Թանի նախազգուշացումը հստակորեն բացահայտեց Թուրքիայի թաքուն մտադրությունը' բոլոր առիթներով մոռացության մատնել Հայոց Ցեղասպանության ճանաչումը:

Ի՞նչ են անելու թուրքերն այժմ, երբ Ցեղասպանության բանաձևը նախատեսված է դնել քվեարկության: Նրանք ընկել են իրենց իսկ խաբեությունների թակարդը: Եթե նրանք բանաձևի ընդունումը կանխելու նպատակով շտապեն վավերացնել արձանագրությունները, ապա կհակադրվեն իրենց ադրբեջանական դաշնակցին և ներքին քաղաքական ապակայունություն կստեղծեն: Մյուս կողմից, եթե նրանք արձանագրությունները շուտով չվավերացնեն, ապա այս տարի Ցեղասպանության բանաձևը Կոնգրեսի հավանությանն արժանանալու շատ մեծ հավանականություն կունենա:

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի համբերության բաժակը լցվել է' արձանագրությունները քարշ տալու Թուրքիայի անընդհատ արդարացումներից: Ի պատասխան, Օբամայի վարչակազմը Ցեղասպանության բանաձևը կարող է որպես մտրակ կիրառել'Թուրքիային խթանելու համար արձանագրությունների վավերացումը: Բացի այդ, Թուրքիան չի կարող առաջվա նման ակնկալել Իսրայելի կամ Ամերիկայի հրեական կազմակերպությունների աջակցությունը' Ցեղասպանության  բանաձևը խոչընդոտելու հարցում, վարչապետ Էրդողանի կողմից Իսրայելի ղեկավարների հասցեին, վերջին տարվա ընթացքում անդադար հնչած վիրավորանքների պատճառով:

Հրաժարվելով վավերացնել արձանագրությունները, Թուրքիան Օբամայի վարչակազմի ձեռքից խլում է Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու իր արդարացումը: Չնայած Ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական բազմիցս խոստումներին, նախագահ Օբաման 2009 թվականի ապրիլի 24-ի իր ուղերձում ձեռնպահ մնաց Հայոց Ցեղասպանություն տերմինն օգտագործելուց: Նա անխոհեմաբար ընդունեց թուրքական այն կեղծ դիրքորոշումը, որ երրորդ երկրները չպետք է ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը, քանի որ Հայաստանն ու Թուրքիան փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները:

Ուշագրավ է, որ երբ նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնին խնդրեցին պարզաբանել Հայոց Ցեղասպանության բանաձևի հնարավոր ազդեցությունն արձանագրությունների վրա, նա հաստատակամորեն պնդեց, որ դրանք պետք է վավերացվեն առանց նախապայմանների: Հատկանշական է, որ նա առիթը չօգտագործեց բանաձևի վերաբերյալ անհամաձայնություն արտահայտելու համար:

Վարչակազմի կողմից Կոնգրեսի բանաձևը խոչընդոտելու ցանկացած փորձ խիստ անհարմար դրության մեջ կդնի նախագահ Օբամային, փոխնախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Հիլարի Քլինտոնին, քանի որ երեքն էլ, որպես սենատորներ և նախագահի թեկնածուներ վճռականորեն հանդես են եկել Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին:

Քանի որ Օբամայի վարչակազմի պաշտոնյաները շարունակ հաստատել են, որ արձանագրությունները նախապայմաններ չունեն, ուստի նրանք ոչ մի պատճառ չպետք է ունենան Ցեղասպանության բանաձևի ընդունումը խոչընդոտելու համար:

Հարկ է նշել, որ նորմալ պայմաններում Նախագահի կամ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հավելյալ քայլեր անելու անհրաժեշտություն չէր առաջանա, քանի որ այն արդեն հաստատված իրողություն է: 1975 և 1984 թթ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր է ընդունել, իսկ նախագահ Ռեյգանը այն ընդունել է 1981 թվականի նախագահական Հռչակագրում: Սակայն, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ետ գլորելու Թուրքիայի նենգ ծրագրերը, չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը վերահաստատի Ցեղասպանության իր ճանաչումը: Այն նաև համարժեք պատասխան կլինի Թուրքիայի խարդախ մարտավարությանը, որը Հայաստանի հետ սահմանը բացելու կեղծ պատրվակով, արձանագրությունները շահագործում է զիջումներ կորզելու համար:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը