Մեկնաբանություն

10.03.2018 08:25


Կանխամտածվա՞ծ, թե՞ ակամա խաբեություն

Կանխամտածվա՞ծ, թե՞ ակամա խաբեություն

2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ նորանկախ Հայաստանի քաղաքական ամենամեծ խաբեություններից մեկը: Խոսքն ընտրակեղծիքների մասին չէ:

Խաբեությունն այդ քարոզչատեխնոլոգիական դաշտում տեղի ունեցավ:

Բանն այն է, որ ՀՀԿ-ն ընտրություններին ներկայացավ այդ փուլում բավական բարձր վարկանիշ ունեցող և որոշակի հանրային սպասումներ առաջացնող Կարեն Կարապետյանի դեմքով, ով ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում չկար, քանզի ՀՀԿ-ում որոշել էին օրենքով առաջնորդվել և հիշել էին, որ Կարապետյանը Հայաստանում մշտական բնակության խնդիր ունի ու չի կարող պատգամավորական ցուցակ գլխավորել (ի դեպ, քաղաքացիության և մշտական բնակության ճչացող խնդիրը չխանգարեց, որ Արմեն Սարգսյանին նախագահ նշանակեն):

ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը, ինչը նույնպես խաբեության պես մի բան էր, քանզի նա ո՛չ իր քաղաքական կշռով, ո՛չ իր անցած ճանապարհով, ոչ էլ այլ հատկանիշներով չէր կարող իշխող և իշխանության հայտ ներկայացնող ուժի ցուցակ գլխավորել:

Քարոզչության փուլում, դրանից առաջ ու ընտրություններից հետո Կարապետյանը բազմիցս հայտարարեց, որ կարճ ժամանակով չի եկել վարչապետ, որ ինքը մնալու է վարչապետ նաև ապրիլից հետո, որ ինքը վարչապետության թեմայով որոշ ՀՀԿ-ականների ասածները համարում է նրանց անձնական կարծիքը: Կարապետյանն այդպիսով «քաղաքական փոփոխություններ վերևից» թեմայով սպասումներ առաջացրեց:

Ուշագրավն այն էր, որ Սերժ Սարգսյանը, ով սահմանադրական փոփոխություններով պատրաստվում էր ապագա վարչապետության, գրեթե չմասնակցեց ընտրարշավին: Նա չկար նաև ցուցակում, մինչդեռ խորհրդարակական կառավարմանն անցնելու քաղաքական տրամաբանությունը հուշում էր, որ ամեն մի կուսակցություն իր ապագա վարչապետին պետք է ներկայացներ ցուցակի առաջին հորիզոնականում:

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտեր, որ հանրային առումով խնդիր ունի, և դա էր պատճառը, որ նա հանդես եկավ Կարեն Կարապետյանի դեմքով: Ճիշտ է, ՀՀԿ-ն ընտրություններում, մեծ հաշվով, հաղթեց ոչ թե Կարապետյանի վարկանիշի կամ հանրային ընկալումների, այլ «ռեյտինգային ջիգիթների» բաժանած փողերի շնորհիվ, բայց, ամեն դեպքում, ընտրակեղծիքներին ֆոն էր պետք ու այդ ֆոնն ապահովեց Կարեն Կարապետյանը:

Գործող վարչապետը փաստացի իրենով փակել էր Սերժ Սարգսյանի վարչապետության գնալու թեման ընտրությունների փուլում: Այժմ, երբ խաբեության տեխնիկական մասն ավարտվել է, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների բերանով հայտարարում է, որ ինքն անփոխարինելի է, որ միայն ինքը կարող է լինել վարչապետ, որ եթե ինքը չլինի, ապա հայ ժողովուրդը կործանված է, որ եթե ինքը չմնա, ապա Ղարաբաղի հարցով ուրիշ մարդ չի կարող զբաղվել:

Հիմա այս առումով հարցեր են առաջանում: Արդյոք Կարապետյանն այդ մեծ խաբեության սցենարին մասնակցել է գիտակցաբա՞ր, թե՞ չհասկանալով: Կարապետյանին օգտագործել են նախապես պայմանավորվելո՞վ, թե՞ նրան պարզապես «քցում» են: Կարապետյանն իր բոցաշունչ հայտարարություններից հետո համաձայնելո՞ւ է փոխվարչապետի պաշտոնին, թե՞ ոչ: Եթե համաձայնելու է, ապա ի՞նչ հիմնավորմամբ:

Եթե Կարապետյանն իրեն խաբված ու օգտագործված է զգում, ապա պետք է միայն իրեն մեղադրի: Քաղաքականությունն իր կանոններն ունի, ու չի կարելի մենեջերի դերի մեջ մնալով՝ քաղաքական հայտ ներկայացնել: Դա քաղաքական անգրագիտություն է:

Իսկ եթե Կարապետյանը, ինչ-ինչ մասնավոր բիզնես շահերից ելնելով, համաձայնել է քաղաքական խաբեության մասնակից դառնալ, ապա դա այլ բանի վկայություն է:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը