Քաղաքական

09.03.2018 12:55


Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ. Մոգերինի

Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ. Մոգերինի

Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ այս օրերին Երևանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում։

Մոգերինին ուրախությամբ արձանագրել է, որ այս անգամ խորհրդաժողովն անցկացվում է Եվրոպայի այս հատվածում՝ Հայաստանում։

Ընդգծելով, որ նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի հետ Եվրամիությունը երեք հիմնարար համաձայնագիր է կնքել, Մոգերինին հույս է հայտնել, որ դրանք կբարելավեն մարդկանց կյանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական Միությունում։

«Ստորագրեցինք նաև այլ համաձայնագրեր, որոնք կոչված են բարելավելու Հայաստանի և ԵՄ-ի կապակցվածությունն օդային և ցամաքային ճանապարհներով։ Խնդրել ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել մեզ իրենց խորհուրդներով և առաջարկություններով, որպեսզի այս համաձայնագրերն իսկապես հաջողված լինեն», - նշել է Մոգերինին։

Հիշեցնենք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը