Աշխարհ

09.03.2018 10:48


Ծեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)

Ծեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանի նիստերից մեկի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունների պատգամավորների միջև։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քննարկվել է Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից Աֆրինում տեղի քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։

Տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ թեթև վնասվածքներ են ստացել 1 ԱԶԿ-ի և 2 ԺԴԿ-ի պատգամավոր։ Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց։

Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ԱԶԿ-ի Քոնիայի պատգամավոր Լեյլա Շահինը դիմելով քրդամետ կուսակցությանը՝ ասել է․ «Խաղաղ բնակչությանը սպանում են ոչ թե թուրք զինվորները, այլ ձեր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները»:

Թուրքական լրատվամիջոցի հրապարակած լուսանկարներում երևում է, որ տեղի ունեցած միջադեպին ներկա է եղել նաև հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը