Աշխարհ

08.03.2018 10:47


Թուրքիայում ձերբակալվել է ԱՄՆ հյուպատոսարանի վրա «հարձակում նախապատրաստող» ԻՊ 13 անդամ

Թուրքիայում ձերբակալվել է ԱՄՆ հյուպատոսարանի վրա «հարձակում նախապատրաստող» ԻՊ 13 անդամ

Մարտի 7-ին Թուրքիայի Ադանա նահանգում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) հատուկ նշանակության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ «կապ ունեցող» 14 մարդու: Այս մասին հայտնում է թուրքական CNN Türk հեռուստաընկերության կայքը:

Ըստ աղբյուրի՝ կասկածյալները «պատրաստվում էին հարձակում իրականացնել» Ադանա քաղաքում Միացյալ նահանգների հյուպատոսարանի և մի քանի այլ կարևոր կառույցների վրա: Ձերբակալված 13 անձանցից 12-ը Սիրիայի քաղաքացի են:

Նույն օրը, թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ մայրաքաղաք Անակարայում ԻՊ դեմ գործողությունների արդյունքում ձերբակալվածների թիվը հասել է 19-ի:

Մարտի 4-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման վտանգ կա: Միևնույն ժամանակ Անկարայի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ ամերիկյան աղբյուրները թուրքական հետախուզական կառույցներին տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի դեսպանատան և քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել։

Այս հայտարարությունների ֆոնին Թուրքիայի ոստիկանության ստորաբաժանումները գործողություններ էին սկսել մայրաքաղաք Անկարայում և այլ նահանգներում: Մարտի 5-ի դրությամբ Անկարայում ձերբակալվել էր 12 մարդ:

Նշենք, որ Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մի մասը դուրս է եկել այդ երկրներից: Նրանց համար իրենց երկրներ վերադառնալու հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է: Թուրքական կողմը հայտնել է, որ 2017-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար ձերբակալվել է շուրջ 900 մարդ:

Սրան զուգահեռ, թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Ըստ բրիտանական The Economist հանդեսի՝ «Իսլամական պետության» զինյալները Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո այդ երկրներից դուրս են բերել շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլար: Զինյալների գումարների մի մասը տարբեր միջոցներով հայտնվել է Թուրքիայում, որտեղ էլ դրանք օգտագործվում են կազմակերպության «քնած բջիջները» պահելու համար:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը