Մեկնաբանություն

08.03.2018 11:39


Մեր հայ կանայք. հերոսներ և հակահերոսներ

Մեր հայ կանայք. հերոսներ և հակահերոսներ

Մարտի 8-ին ընդունված է կանանց մասին լավ խոսքեր ու բարեմաղթանքներ հնչեցնել: Կանայք և մասնավորապես՝ հայ կանայք, իրոք, արժանի են դրան: Նրանք հերոսներ են: Նրանց ուսերին է գրեթե ամեն ինչ:

Մեզ մոտ տղամարդիկ են հեծնել պետության շալակը և տղամարդկանց դիկտատուրա է, բայց կանայք էլ պակաս դերակատարում չունեն: Ուղղակի ցույց չեն տալիս: Ինչպես ասում են՝ խելացի կինը լուռ է կառավարում:

Հայ կինը հերոս է, քանզի կարողանում է դուրս գալ դժվարությունների տակից: Կինն օջախի կրակը վառ պահողն է, երբ ամուսինը արտագնա աշխատանքի է մեկնում, երբ ամուսինը «լևի» է գնում, երբ ամուսինը ոչ մի տեղ չի գնում, երբ ամուսինը գնում ու չի գալիս:

Կինն է տանջվում, չարչարվում և դիմակայում:

Ազատ կինն էլ է հերոս, քանզի մեր հասարակության մեջ ազատ կին լինելը շատ դժվար է:

Կնոջ էմանսիպացիան մեզ մոտ կամաց-կամաց է տեղի ունենում, բայց աճի դինամիկա կա: Հենց որ կին տաքսու վարորդների քանակը կհավասարվի տղամարդկանց քանակին (հիմա մեկ ձեռքի մատների վրա կարելի է նրանց հաշվել) կամ ավտոմեքենայի կին «խադավիկ» տեսնենք, իմացեք, որ էմանսիպացիան մեզանում թևակոխել է բուռն շրջան: )))

Հայ կանանց մասին լիքը լավ բաներ կարելի է ասել: Ու մարտի 8-ին դա ընդունված ստանդարտ է և ավանդույթ: Սակայն արժե այս օրով նաև ստանդարտներից դուրս ու հակաավանդական բաներ ասել հայ կանանց մասին:

Հարկ է արձանագրել, որ հայ կանանց մեջ նաև հակահերոսներ կան: Հիմա կասեմ, թե ինչու:

Հերոս, բարեխիղճ, մասնագետ, օրինապաշտ ու պարկեշտ մարդիկ ծնելուց և դաստիարակելուց բացի մերոնք հանրության «ջանին են կապում» նաև մուտանտների:

Ինչպես հայտնի է, հայկական ընտանիքներում երեխայի դաստիարակությունը առավելապես մոր գործառույթն է: Հայ մայրերն են մեծացնում ինչպես սեռական հարաբերությունների առումով հիմնականում անգրագետ աղջիկներին, այնպես էլ տղաներին: Այն տղաներին, որոնց մի մասը հետո մեծանում ու հեծնում է պետության շալակը:

Հայ հակահերոս կանանց «պրոդուկտ» են թալանչի պաշտոնյաները, պատվեր կատարող դատավորները, անկապ «սիգնալ» տվող դեգեներատները, անգրագետ ու չտես օլիգարխները, քառակուսի կուսակցականները, փողոցում քայլելիս թքող կենդանիները, քաղաքական մարմնավաճառները, տհաս քաղաքական գործիչները, մշակութային դաշտի «ուռոդները», տափակ հումորիստները, հաճախորդները, «թսան» ու ցմփոր գեներալները, ապուշ գիտնականները, ղզիկ գյադաները, լպրծունները, անհայրենիք «արևմտամետները», ռուսահպատակ ճորտերը, ճամբարափոխները, պետբյուջեն մսխողները և մաքսանենգ մաքսավորները:

Մի խոսքով, հերոսներ էլ ունենք, հակահերոսներ էլ: Լավ է, որ առաջինները գերազանցում են երկրորդներին: Համենայնդեպս, այդպես եմ ուզում մտածել:

Շնորհավո՛ր ձեր տոնը, հայ կանայք:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պրոդյուսեր, սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը մարտի 8-ին ընդառաջ պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Պատկերացնո՞ւմ եք՝ բարեխիղճ: Պատկերացնո՞ւմ եք՝ արդյունավետ: Մեդալով: Մովսես Խորանացու: Հլա մի հատ ասեք Դիանա Գրիգորյան: Հետո՝ Մովսես Խորանացի: «Ա վամ սլաբո՞»:

Խորենացին երևի գերեզմանում մի քանի անգամ շուռ եկավ: Նա չգիտեր, որ իր «Ողբից» հետո լինելու է դժբախտ երջանկություն:

Այս խորագրի վերջին նյութերը