Մեկնաբանություն

07.03.2018 21:45


Մեր ժամանակների «հերոսները». Մանվել ու Սեյրան

Մեր ժամանակների «հերոսները». Մանվել ու Սեյրան

Հանգամանքների բերումով գեներալ ու իրավիճակի բերումով պատգամավոր դարձած Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը մեր օրերի «հերոսներն» են: Նրանք են մեր ապաքաղաքականացված իրականության քաղաքական մեկնաբաններն ու քաղաքական խոսնակները, բարոյականության օրենսդիրներն ու ճաշակ թելադրողները (Հ1-ի տաղավարում հաղորդավարների չոքերը հուզմունքից թուլացել էին Սեյրանին մոտիկից տեսնելուց հետո):

Մանվելն ու Սեյրանը նաև «անկախ» մամուլի սիրելին են: Նրանց պարբերաբար խոսեցնում ու սադոմազոխիստական հաճույք են ստանում ջահել աչոնիկները և լպրծուն տղաները: Սադիզմն այն է, երբ հանրությանը պարբերաբար լսացնել են տալիս փողոցային լեզվի ու մտքի տկարության համադրությունը: Իսկ մազոխիզմը աչոնիկների ու լպրծուն տղաների մոտ նկատվում է ամեն «պրովակացիոն» հարց տալիս: Նմանատիպ հարցից հետո Մանվելն ու Սեյրանը մուննաթ են գալիս ու համարյա հայհոյում հարց տվողներին, բայց դա չի խանգարում վերջիններիս, քանզի դուրները գալիս է:

Մանվելն ու Սեյրանը ամեն ինչ են և ամենուրեք: Նրանք մեր կյանքի անբաժան մասն են դարձել: Նրանք իրենց ակտիվ պահվածքով ցույց են տալիս, թե ինչ օրն է ընկել Հայաստանը:

Տպավորությունն այնպիսին է, որ հատուկ են նրանց հարց տալիս ու եթեր բաց թողնում, որ վերջնականապես «խուրդեն» խորհրդարանը, քաղաքական դաշտը, Ղարաբաղի պատերազմը, խոսքը, միտքը: Ի վերջո՝ Հայաստանը:

Մանվելն ու Սեյրանը մեր օրերի դիագնոզն են: Եթե նրանք պետք է կարծիք հայտնեն այս կամ այն լուրջ թեմայի մասին, ապա կարելի է պատկերացնել մեր երկրի ողբերգական վիճակը:

Հայաստանը մնացել է այս շուլուխչի զույգի հույսին: Ու վտանգավորն այն է, որ սա սպառնում է տևական դառնալ: Չնայած մյուս կողմից էլ դա հնարավոր չէ: Հայաստանն այդքան ռեսուրս չունի: Սրանք հիմա են ասլան կտրում: Պահը որ գա, սրանց Գուգլով էլ փնտրենք, չենք գտնելու: Մյուս «ասլաններին» էլ:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը