Մեկնաբանություն

06.03.2018 15:40


Մանվել Գրիգորյանն ու «աքլորականչը» (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանն ու «աքլորականչը» (տեսանյութ)

Էջմիածինցի գեներալ Մանվել Գրիգորյանն իր փայ քծնանքն է ներկայացրել ապագա վարչապետի թեմայով: Նա էլ է համոզված, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է և պետք է դառնա վարչապետ (տե՛ս կից 1-ին տեսանյութը):

Գրիգորյանն այնպիսի դիֆերամբներով է հիմնավորել Սերժ Սարգսյանի վարչապետության անհրաժեշտությունը, որ պարզապես անհարմար է. տղամարդը տղամարդուն այդպես չի գովում:

Ըստ նրա ստացվում է, որ եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով Սերժ Սարգսյանն ապիլից չդառնա վարչապետ, ապա հայ ժողովուրդը կկործանվի, իսկ ՀՀ-ն կվերանա:

«Ուրիշ մարդ կա՞, որ կարող է Ալիևի հետ բանակցել Ղարաբաղի հարցով»,-ինքն իրեն հարց է տալիս Գրիգորյանն ու պատասխանում, որ ո՛չ, չկա:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարչապետ չդառնալու խոստմանը, ապա Գրիգորյանն այս հարցի պատասխանն էլ է գտել: Նա ասում է, որ այն ժամանակ նոր Սահմանադրություն չկար: Մանվելը, թերևս, մոռացել է, որ Սարգսյանը հենց սահմանադրական փոփոխությունների պահով է հայտարարել, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին:

Մանվելն, իհարկե, հիշում է այդ ամենը, բայց պահի տակ նրան ձեռնտու է լինում հիշողության կորուստ ունենալը:

Ի դեպ, Մանվելի մոտ նկատվում է հիշողության կորուստ նաև այլ առումներով: Նա հայտարարում է, թե սկսած 1989 թ. Սերժ Սարգսյանի հետ քայլ առ քայլ անցել է ու «սանտիմ-սանտիմ» առաջ գնացել:

Թե քանի քայլ ու քանի «սանտիմ» են միասին անցել ՀՀԿ ղեկավարն ու Մանվելը, հայտնի չէ: Հայտնի է, որ Մանվելի մոտ Սերժ Սարգսյանին քծնելը երբեմն, այսպես ասած, հովհարային բնույթ է կրել, ու նա մոռացել է համատեղ անցած «սանտիմները», այսինքն՝ Սարգսյանին համարել է փոխարինելի: Դա եղել է այն փուլերում, երբ Մանվելը ուրիշ քամիներ է որսացել (Մանվելը միշտ ծառայում է նրան, ում ձեռքում չագուչ ու մեխ է տեսնում):

Առաջին անգամ դա 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո էր, երբ նա միացել էր օրվա իշխանությունների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի դեմ պայքարին ու ջիպային մրցավազք էր կազմակերպում ՀՀԿ գրասենյակից մինչև Երկրապահի գրասենյակ: Մանվելին այդ փուլում գեներալ դարձրեցին, ու նա միանգամից ճամբարափոխ եղավ՝ անցնելով երկրապահական բիզնեսի խիստ եկամտաբեր գործին: Նրան նաև պաշտպանության փոխնախարար տվեցին՝ բանակի մատակարարումների ոչ պակաս եկամտաբեր հնարավորությամբ:

Երկրորդ «աքլորականչը» Մանվելի համար հնչեց 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Նա խաղեր էր տալիս ու կրկին համարում Սերժ Սարգսյանին փոխարինելի: «Շուստրի» Մանվելը, սակայն, մինչև վերջ «բնից» չհանեց գլուխը՝ հակառակ այն բանին, որ Ազատության հրապարակում ինքնամոռաց գոռում էին «Ման-վե՛լ, Ման-վե՛լ»:

Մանվելի «շաքարն» այդ օրերին բարձրացավ այնքան ժամանակ, մինչև որ պարզ դառնար, թե ում է անցնում իշխանությունը: Ու հենց տեսավ, որ նժարը թեքվել է, իր սովորության համաձայն գնաց տվյալ պահի իշխանության կողմը, մինչդեռ հակառակ կողմն այնքա՜ն սպասում էր նրան (հոդվածին կից ներկայացված 2-րդ տեսանյութում Սերժ Սարգսյանի գնահատականն է 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Մանվել Գրիգորյանի վարքագծի մասին):

Թե երբ կլինի Մանվել Գրիգորյանի 3-րդ «աքլորականչը», կարելի է ենթադրել:

Մեկ բան հստակ է՝ պետական կառավարման համակարգում քրիստոսներ չկան: Այնպես որ, «պետրոսները» նույնիսկ 3 աքլորականչի էլ չեն սպասի ուրանալու և դավաճանելու համար: Միայն մի բանի նրանք չեն դավաճանի՝ սեփական շահին: Այդ շահն ապահովելու ճանապարհին նույն մարդը կարող է անփոխարինելիից մինչև փոխարինելի համարվել մանվելների համար:

Նոր Սահմանադրության պայմաններում մեզ սպասում են քաոսի, դավաճանությունների, անորոշության, ճամբարափոխության և անկայունության ժամանակներ: Ով ինչ ցանել է՝ այն էլ հնձելու է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը