Մեկնաբանություն

06.03.2018 09:30


Դը Գոլից մինչև Դը հոլ

Դը Գոլից մինչև Դը հոլ

Որոշ ՀՀԿ-ականների մոտ մտքի թռիչքը հասել է մինչև Չերչիլ ու Դը Գոլ:

«Ռազմահայրենասիրական» ու կուսակցական առաջադրանքը կատարելու համար սրանք հիշել են Չերչիլին ու Դը Գոլին: Թե ինչու հատկապես այս երկուսին, դժվար է ասել:

Տեսնես Չերչիլի մտքով կանցնե՞ր, որ անգլիական նավերի համար անհասանելի հայկական լեռնաշխարհում լրիվ հասանալի են դառնալու իր արած կամ չարած քայլերը, ասած կամ չասած մտքերը:

Չերչիլը հաստատ չի պատկերացրել, որ ինքն այդքան սիրված է լինելու ՀՀԿ-ականների կողմից:

Չերչիլի օրն է ընկել նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Դը Գոլը: Ֆրանսիայի նախկին առաջնորդին էլ են սկսել շատ սիրել ՀՀԿ-ականներն ու զուգահեռներ տանել (դե՛, գիտեք, էլի՛, ում հետ):

Դը Գոլի հարցում, սակայն, պետք է զգույշ լինել, քանզի հարցեր կան ու մտավախություն կա, որ կարող է դհոլության պես մի բան դուրս գալ: Այսինքն՝ Դը Գոլի հետ համեմատությունը «դհոլ»-ի պես դմբդմբոց կարող է հանել:

Բանն այն է, որ Դը Գոլը հայտնի է նաև որպես «հող հանձնող»: Խոսքն Ալժիրի մասին է: Այն ժամանակ Ալժիրը համարվում էր «գրավյալ տարածք»: Ճիշտ է, Ղարաբաղի հողերն ու Ալժիրը նույնական հարթության վրա չեն, բայց ամեն դեպքում առկա է հանձնման փաստը Դը Գոլի կողմից, և կարող են յուրօրինակ ասոցիացիաներ առաջանալ:

Հաշվի առնելով Ղարաբաղի խնդիրն ու պաշտոնական Երևանի որոշ հայտարարություններն այդ թեմայով՝ չարժե Դը Գոլին հիշել: Մեկ ուրիշ մեծություն փնտրեք համեմատության համար: Օրինակ՝ Նապոլեոնին:

Կամ ինչու հեռու գնալ՝ ԵԱՏՄ-ից կարելի է ներմուծել համեմատական կերպարների: Նազարբաևն ի՞նչ վատ կերպար է: Հատկապես որ նա արդեն մի քանի տասնամյակ անփոխարինելի է Ղազախստանում ու դեռ սպառնում է այդպիսին մնալ, որքան կյանքը թույլ կտա: Այնպես որ ճիշտը Մաքսային միության շրջանակներում համեմատություններ փնտրելն է:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը