Աշխարհ

02.03.2018 17:50


Թուրքիայի վարչապետ. «Ոչ ոքի հողի վրա աչք չունենք»

Թուրքիայի վարչապետ. «Ոչ ոքի հողի վրա աչք չունենք»

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոսել է Սիրիայի տարածքում երկրի զինված ուժերի կողմից արդեն մեկ ամսից ավել շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին:

Թուրքիայի վարչապետը, նշելով, որ Թուրքիան չի կարող անտարբեր լինել տարածաշրջանի երկրներում՝ այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում, Յեմենում, Լիբանանում, Պաղեստինում և Իսրայելում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, ասել է.

«Մենք ոչ ոքի հողի վրա աչք չենք ունեցել և չենք էլ ունենա: Ոչ էլ մտադրություն ունենք որևէ մեկի երկիրը կառավարել: Աֆրինում մեր պայքարի նպատակը մեր երկրի սահմանների անվտանգության ապահովումն է»:

Յըլդըրըմը, անդրադառալով գործողության ժամկետներին, ասել է, որ Աֆրինի գործողությունը այնքան ժամանակ կշարունակվի, մինչև շրջանը դուրս գա Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից:

«Գործողությունը մինչև վերջ շարունակվելու է, սակայն այժմ խոսք չի կարող գնալ ժամկետների մասին։ Նաև չենք մտածում, որ այս գործողությունը սահմանափակվելու է միայն Աֆրինով։ Այնտեղ որտեղ կա վտանգ և ահաբեկչություն, այդ շրջանը մեզ համար թիրախ է։ Մեր զինված ուժերին ապահովում ենք ամեն տեսակի տեխնոլոգիական հնարավորություններով»,-ասել է Յըլդըրըմը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք ռազմական գործողություն են սկսելու նաև Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ շրջանում, որտեղ տեղակայված են նաև ամերիկյան ուժեր։ Վերջիններս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում համագործակցում են տեղի քրդերի հետ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը