Մեկնաբանություն

02.03.2018 12:40


Արմեն Սարգսյանի ոչ լեգիտիմության «50 երանգները»

Արմեն Սարգսյանի ոչ լեգիտիմության «50 երանգները»

«4-րդ հանրապետության 1-ին նախագահ» նշանակված Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի, թերևս, ամենա ոչ լեգիտիմ նախագահն է: Նախորդ 3-ի դեպքում վիճարկվել են ընտրությունների արդյունքները, սակայն, ամեն դեպքում, նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր քաղաքական հենարանը, հանրության որոշակի շերտի աջակցությունը և իրեն նախագահի թեկնածու առաջարկած ուժի դե ֆակտո 1-ին դեմքի կարգավիճակը: Ոչ մեկը չի ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը դրածոներ են:

Արմեն Սարգսյանը դրածո է: Նա ոչ մի բան չունի: Իրեն նախագահ նշանակող ՀՀԿ-ում անգամ քմծիծաղով են վերաբերվում նրա՝ համայն հայության նախագահ դառնալու խոսքերին: Այս առումով նա մրցակցում է ընդամենը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ՝ փորձելով վերջինիս բիզնեսին «կպնել» կամ փայ մտնել:

Արմեն Սարգսյանը կապ չունի Հայաստանի հետ և հենց դրա համար էլ նշանակվել է «պետության գլուխ»:

Արմեն Սարգսյանի ոչ լեգիտիմությունն ունի, այսպես ասած, «50 երանգ»: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Երանգ 1-ին

Նոր Սահմանադրության հեղինակներն այնքան են շտապել ու այնքան անկարևոր են համարել նախագահին վերաբերվող հատվածը, որ լուրջ վրիպում են թույլ տվել: Ըստ այդ վրիպման՝ ՀՀ 4-րդ նախագահը ոչ թե պետք է ընտրվի ԱԺ-ի կողմից, այլ՝ ժողովրդի, այսինքն՝ համաժողովրդական և ուղիղ ընտրությամբ: Ու միայն դրանից հետո ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրության այն դրույթը, համաձայն որի՝ Հանրապետության նախագահին ընտրում է խորհրդարանը:

Ինչքան էլ հիմա փորձեն մեկնաբանել Սահմանադրությունը և խուճուճ բառերով հեքիաթներ պատմեն իշխանամերձ սահմանադրագետները, միևնույն է բան չի ստացվի: Սահմանադրությունն ունի տառ և ոգի ու մեկնաբանման ենթակա չէ:

Եվ այսպես, Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվել Սահմանադրության կոպիտ խախտմամբ, և դա նրան դարձնում է ապօրինի պաշտոնյա կամ քաղաքական լեզվով ասած՝ ոչ լեգիտիմ:

Ճիշտն ասած, ոչ լեգիտիմության այս երանգից հետո կարելի էր չներկայացնել մյուս երանգները, սակայն, ամեն դեպքում, դա կանենք:

Երանգ 2-րդ

Արմեն Սարգսյանը նախագահ է նշանակվել մի ԱԺ-ի կողմից, որտեղ կոճակային մեծամասնություն է ձևավորվել 10.000-դրամանոց ընտրակաշառքների միջոցով:

Բացի այդ՝ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի արդյունքները նույնպես լուրջ կասկածի տակ են:

Երանգ 3-րդ

Արմեն Սարգսյանը համաձայնել է դառնալ ապաքաղաքական նախագահ, ով ընդամենը պետք է օտար լեզվի տիրապետի:

Սահմանադրության տառն ու ոգին հակառակն են հուշում: Պետության գլխի կարգավիճակ ստացող մարդը չի կարող լինել ապաքաղաքական: Եթե համաձայնել է ու խոստացել այս հարցում արդարացնել իրեն նախագահ կարգողի հույսերը, նշանակում է՝ նա լեգիտիմ չէ:

Երանգ 4-րդ

Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հանրապետության նախագահը պետք է վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի լինի:

Մամուլում հրապարակված որոշ փաստաթղթերից ու ԱԺ-ում այս հարցով Արմեն Սարգսյանի ներկայացրած պատասխանից ակնհայտ է, որ նա վերջին 6 տարում չի հանդիսացել միայն ՀՀ քաղաքացի, այլ եղել է երկքաղաքացի:

Որքան էլ նա հիմա սրտաճմլիկ ձևակերպումներ տա, թե ինքը հոգով-սրտով միշտ ՀՀ քաղաքացի է իրեն զգացել, դրանից Սահմանադրության հետ հակասությունները չեն վերանում: Այսինքն՝ նույնիսկ կասկածելի Սահմանադրության պահանջներին նա չի համապատասխանում:

Բրիտանիայի քաղաքացի լինելը ամոթ բան չէ, բայց ամոթ է, երբ Հայաստանն աշխարհին ներկայանում է մի նախագահով, ով միայն տվյալ երկրի քաղաքացի է եղել «հովհարային» տարբերակով: Ինչպե՞ս կարող է, հետևաբար, «Անգլիա տեղ» հաջողակ խոպանչիություն անող մեկը գալ ու դառնալ մեր պետության գլուխ:

Չի՛ կարելի Հայաստանը խոպանի վերածել և էլիտար տուրիստի կարգավիճակով «նախագահ» աշխատել:

Երանգ 5-րդ

Սահմանադրության վերը նշված հոդվածի նույն կետը պահանջում է, որ ՀՀ նախագահը վերջին 6 տարում նաև ՀՀ մշտական բնակիչ լինի:

Եթե նույնիսկ ընդունենք, որ դեսպանի աշխատանքային շրջանը հաշվվում է որպես Հայաստանում բնակվել, ապա, միևնույն է, խնդիրներ են առաջանում, քանզի Արմեն Սարգսյանը դեսպան է նշանակվել 2013 թվականի սեպտեմբերի 27-ին: Իսկ դրանից առաջ եղել է ամենուր, բայց ոչ Հայաստանում: Միգուցե մի քանի օրով եկել-գնացել է, բայց դա չի համարվում մշտական բնակություն, քանզի կոնկրետ չափորոշիչներ կան, թե երբ է մարդը համարվում տվյալ պետության մշտական բնակիչ:

Եվ, ընդհանրապես, երբ նախագահի թեկնածուի հետ կապված քննության առարկա է դառնում նրա քաղաքացիության ու մշտական բնակության հարցը, արդեն խայտառակություն է: Ու որքան էլ Արմեն Սարգսյանը փորձի «կռուտիտ» լինել, թե բա՝ ես դիմում եմ տվել, թե բա՝ ես անվտանգությունից ելնելով եմ նաև Բրիտանիայի քաղաքացի դարձել, թե բա՝ ես միշտ երազում Հայաստանն եմ տեսել, միևնույն է խայտառակություն է:

Արմեն Սարգսյանի գավառական «կռուտիտները» ցույց են տալիս՝ պարզապես ծիծաղելի է այն, որ նրան ուզում են ներկայացնել որպես արևմտյան քաղաքական մշակույթի կրող, համեստ և առաջադեմ մարդ: Բանից պարզվում է, որ նա շարքային դատարկախոս է, արևելյան բազառի առևտրական և իշխող համակարգի տիպիկ ներկայացուցիչ: Նա միայն մի անգամ անկեղծացավ, երբ հայտարարեց, որ գործող իշխանական շրջանակի հետ չունի քաղաքակրթական հակասություններ: Այո՛, չունի: Եթե ունենար, ապա չէր նշանակվի «պետության գլուխ»:

Արմեն Սարգսյանի անցած ուղին ցույց է տալիս, որ նա Հայաստանը դիտարկում է որպես գործիք՝ իր մասնավոր շահերն առաջ տանելու համար: Ու ցանկացած պատեհ կամ անպատեհ առիթի դեպքում կրկին «կթռնի» Հայաստանից՝ մինչև այդ հարկատուներիս հաշվին աշխատելով որպես ձրիակեր պաշտոնյա:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Այնպես է ստացվել, որ Արմեն Սարգսյանը Հայաստանում պաշտոնի է նշանակվում մեծ ընտրակեղծիքներից հետո:

Դե պատկերացրեք այն մարդու տեսակը, ով համաձայնում է գալ ու այդ ընտրակեղծիքներից շեղողի ֆունկցիան իր վրա վերցնել: Առաջին անգամ դա մի քանի օրով աշխատեց: Հիմա այս ամենը ֆարսի է վերածվել:

Նրա վրա այժմ դրված է հաստիքային քնեցնողի (իր ձանձրալի ու ոչինչ չասող ելույթներով) դերը: Ու Ա. Սարգսյանը դա սպառնում է անել 7 տարի: Եթե, իհարկե, ուրբաթը շաբաթից շուտ չգա ու նա, ինչպես նախկինում, «հիվանդության» պատճառով ժամանակից շուտ չծլկի Անգլիա: Ընտանիքի մոտ:

Արմեն Սարգսյանը միայն մեկ հնարավորություն ունի իր ոչ լեգիտիմության «50 երանգների» կողքին լեգիտիմության փոքրիկ երանգ ավելացնել: Դա տեղի կունենա այն դեպքում, երբ Արմեն Սարգսյանի որդիները գան Հայաստան ու «Ես եմ» ծրագրով ծառայեն ՀՀ բանակում: Կգա՞ն:

Այս խորագրի վերջին նյութերը