Աշխարհ

01.03.2018 14:28


Ցմահ ազատազրկման դատապարտված լրագրողին ևս 5 տարվա պատիժ՝ Էրդողանին վիրավորելու համար

Ցմահ ազատազրկման դատապարտված լրագրողին ևս 5 տարվա պատիժ՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրք լրագրող Ահմեթ Ալթանը դատապարտվել է 5 տարի և 11 ամիս ազատազրկման՝ ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։

Մեղադրանքի պատճառը ինտերնետային կայքերից մեկում Ալթանի կողմից հրապարակված «Ճզմել-անցնել» խորագրով հոդվածն է, որտեղ հեղինակը իշխանությանը մեղադրում է քրդական թաղամասերում խրամատներ փորող երեխաներին տանկերով սպանելու մեջ, «արդարացնում» (ըստ մեղադրանքի) Դիարբեքիրում, Ջիզրեյում, Շըրնաքում ու Մարդինում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գործունեությունը։

Հաշվի առնելով դատարանում Ալթանի պահվածքը՝ դատարանը պատժի մեղմացում չի սահմանել։

Նշենք , որ Ահմեթ Ալթանը, նրա եղբայր Մեհմեթ Ալթանը և Նազլը Ըլըջաքը ընդամենը երկու շաբաթ առաջ մեկ այլ դատավարության արդյունքում դատապարտվել էին խիստ ռեժիմի ցմահ ազատազրկման։ Նրանք մեղադրվում էին 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասին նախապես տեղեկություն ունենալու և սահմանադրությունը խախտելու մեջ։

Հեղաշրջման փորձից առաջ թուրքական «Can Erzincan TV»-ի եթերում Ահմեթ և Մեհմեթ Ալթանները և Նազլը Ըլըջաքը խոսել էին քաղաքական թեմաներից։ Ձախողված հեղաշրջումից հետո օրենքի ուժ ունեցող որոշումներից (KHK) մեկով նշյալ հեռուստաընկերությունը փակվել էր, իսկ Ահմեթ Ալթանը, նրա եղբարն ու Ըլըջաքը մեղադրվել էին սպասվող հեղաշրջման մասին իրենց վերլուծություններում բացահայտորեն հայտարարելու մեջ։

Ահմեթ Ալթանը Թուրքիայում հայտնի լրագրող, գրող և բանաստեղծ է։ Նա եղել է թուրքական «Taraf» թերթի գլխավոր խմբագիրը, թղթակցել «Nokta» ամսագրին,«Hürriyet» և «Güneş» պարբերականներին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը