Մեկնաբանություն

28.02.2018 19:45


ՀՀԿ-ում «սոցմրցույթ» է հայտարարվել

ՀՀԿ-ում «սոցմրցույթ» է հայտարարվել

Որքան մոտենում է ապրիլը, այնքան ՀՀԿ-ն վերածվում է ուրախների ու հնարամիտների ակումբի: Կամ էլ՝ «ինչ», «որտեղ», «երբ» հարցերի պատասխանը փնտրող կառույցի:

Տպավորությունն այնպիսին է, որ կարծես՝ ՀՀԿ-ում, այսպես ասած, սոցմրցույթ է հայտարարվել և ամեն մեկը փորձում է շահել այդ «մրցույթը»:

«Մրցույթի» էությունը հետևյալն է՝ ով ավելի ճոխ, ավելի համոզիչ, ավելի սրամիտ, ավելի ՀՀԿ-ոտ, ավելի օրիգինալ, ավելի գունագեղ, ավելի ճկուն ձևով կհիմնավորի, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ ապրիլի 9-ից հետո:

Այդ «մրցույթին» մասնակցող յուրաքանչյուր ՀՀԿ-ական իր տեսակետն է ներկայացնում՝ ելնելով ստացած մարտական առաջադրանքից, կրթվածության աստիճանից, քծնանքի ունակությունից, փչացածությունից, ճարտասանական կարողությունից, ակնկալվող օգուտներից, կուսակցական հիերարխիայում զբաղեցրած դիրքից, հայոց լեզվի բարբարոսական ձևակերպումներից օգտվելու պատրաստակամությունից կամ, պարզապես, սեփական բնույթից:

Իրար հետ մրցում են Վահրամ Բաղդասարյանը, ով արդեն շարքային ՀՀԿ-ականի մակարդակի իջեցրեց Սերժ Սարգսյանին և Շարմազանովը, ով Դե Գոլի ու Չերչիլի մակարդակի բարձրացրեց նույն Սերժ Սարգսյանին: «Սոցմրցույթի» մյուս մասնակիցների մոտ էլ նույն պատկերն է:

Չի բացառվում, որ ապրիլին արդեն համեմատականներ կտարվեն Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Ռուզվելտի, Նոյի, Բիսմարկի, Նապոլեոնի հետ:

Առավել անաստվածները զուգահեռներ կանցկացնեն Քրիստոսի հետ: Կհիշեն նաև Կալիգուլային՝ պատրաստակամություն հայտնելով դառնալ մեր օրերի «խորհրդարանական ձին»:

Ցինիկներն ու դեմագոգները նմանություն կգտնեն Ռոբեսպիերի, Լենինի, Կրոմվելի հետ՝ նշելով, որ գործ ունենք մեր օրերի երդվյալ հեղափոխականի հետ:

Մեր կողմից խորհուրդ կտանք որոշ ՀՀԿ-ականների քծնանքային էքստազի պահին շատ չոգևորվել ու պատմական հայտնի դեմքերի փնտրտուքի մոլուցքից ելնելով՝ հանկարծ համեմատություններ չանցկացնել Հուլիոս Կեսարի հետ: Լրիվ այլ կերպ կընկալվի և անհարմար բան կստացվի:

Մի խոսքով, ապրիլ է գալու, թեժ է լինելու: Զգացվում է, որ ՀՀԿ-ում ուրախների ու հնարամիտների պակաս չկա:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Սերժ Սարգսյանի նկարի տակ նստած Գալուստ Սահակյանն ասել է, որ իր կաբինետում միշտ կախված է լինելու ՀՀԿ ղեկավարի նկարը:

Ուշադրությո՛ւն դարձրեք, շուլուխչի Գալուստը չի ասել, որ միշտ կախելու է Ս. Սարգսյանի նկարը: Ասել է՝ ՀՀԿ ղեկավարի նկարը (ՀՀԿ ղեկավարը, ինչպես հայտնի է, փոփոխական ու հարաբերական երևույթ է, որքան էլ որ Շարմազանովն առաջ քաշի անփոխարինելիության թեզը):

Իր կյանքում բազում ՀՀԿ «անփոխարինելի» ղեկավարներ տեսած, բոլորին ծառայած ու քծնած Գ. Սահակյանն, ըստ այդմ, ճկունություն է ցուցաբերում և հետագայում «պագոն» փոխելու տեղ թողնում: Նրան մի աչքով մի նայեք: Գալուստը «շուստրի բըձայա»:

Ի դեպ, ՀՀԿ-ում գրեթե բոլորն են «շուստրի» և ճամբարափոխ: Դա նրանց ԴՆԹ-ի մեջ է:

Այս խորագրի վերջին նյութերը