Քաղաքական

26.02.2018 13:57


Սամվել Բաբայան․ «Օրենքն առաջին ատյանի դատարանից խախտվելով՝ եկել-հասել է այստեղ» (տեսանյութ)

Սամվել Բաբայան․ «Օրենքն առաջին ատյանի դատարանից խախտվելով՝ եկել-հասել է այստեղ» (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակել է քննել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը: Վերջինն իր խոսքում պնդել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են և օրենքն առաջին ատյանի դատարանից խախտվելով՝ եկել-հասել է Վերաքննիչ դատարան։

-Ինչ վերաբերում է ինձ, ապա ես որևէ օրենք չեմ խախտել և ցանկություն էլ չունեմ խախտելու,-ավելացրել է Ս․Բաբայանը,-սա սարքած գործ է, շինծո՛ւ, այդ շինծու գործը փորձում են իրականացնել իրենց ուզած ձև: Ես ատյան-ատյան գնալու եմ մինչև վերջ: Ես մեղքը իմ վրա չեմ վերցնելու, էս ցիրկը բերեք թարգեք։

Այսօր դատաքննությունն ավարտվել է և Վերաքննիչ քրեական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում հարցաքննվել էր «Իգլա»-ի գործով առանցքային դերակատարում ունեցած Ռոբերտ Աղվանյանը։ Նա հայտնել էր, որ ցանկացել է Հրաչյա Մայիլյանին փոխանցել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը, որը իր ձեռքի տակ էր հայտնվել վաղուց. «Հայրս պատերազմից էր բերել, մեր տանն էր պահվում` Էջմիածնում։ 2010 թվականից տունս վաճառելուց գտա։ Զենիթահրթիռային համալիր Վրաստանից Հայաստան չի բերվել: Ես Հրաչ Մայիլյանին եմ հանդիպել ու նրան եմ տվել այն»:

Աղվանյանն ավելացրել էր, որ Հրաչյա Մայիլյանից 4 հազար դոլար է ստացել «Իգլա»-ն փոխանցելու համար, նաև պնդել էր, որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել. «Ես ոչ մեկի վրա ո՛չ գրել եմ, ո՛չ ցուցմունք եմ տվել: Մինչև իմ էստեղ գալը գրողը գրել ա, սարքողը՝ սարքել: Երբ ինձ Վրաստանում ձերբակալեցին, ես զանգել եմ Հայաստան ու ասել, որ բանակին նվիրատվություն ունեմ անելու: Իմ սխալը հասկացել եմ ու «Իգլան» նվիրել բանակին»:

Աղվանյանը նաև նշել էր, որ վաճառելիս ստել է՝ ասելով, որ այն բերվել է Վրաստանից, որպեսզի վաճառքի արժեքը բարձրանա:

«7օր»-ին տված հարցազրույցում Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, մեկնաբանելով առանցքային այս վկայի ցուցմունքը, ընդգծել էր«Կարող ենք եզրակացնել, որ սա ընդամենը «պոդստավկա» է։ Հրաչյա Մայիլյանը «պոդստավկա» է արել գործով ամբաստանյալներին»։

Նա նաև կարծիք էր հայտնել, որ այսօրվա նիստը կլինի վերջինը, որից հետո դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը