Մեկնաբանություն

25.02.2018 11:20


Ի՞նչ է սպասվում «Ծառուկյան» դաշինքին

Ի՞նչ է սպասվում «Ծառուկյան» դաշինքին

Երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենք կողմ են Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

ՀՀ նախագահ աշխատելու համաձայնություն տված Արմեն Սարգսյանը, պարզվում է, կանգնեցնելու է արտագաղթը և ներգաղթ է ապահովելու: Սարգսյանն այդպիսի բան հրապարակավ չի ասել (նա հրապարակավ ոչ մի առարկայական բան չի ասել), սակայն «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած քննարկման ժամանակ այդպիսի բան հայտարարվեց նրա անունից: Ինչևէ:

Արմեն Սարգսյանի մասով ինտրիգ առանձնապես չկար: Մեծ էր հավանականությունը, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի Սերժ Սարգսյանի ներկայացրած նախագահի թեկնածուին: Այդպես էլ եղավ:

Ինտրիգն այլ տեղ է: Իսկ ինչպե՞ս է քվեարկելու «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ական վարչապետի թեկնածուին, որը 99,99 տոկոսով լինելու է Սերժ Սարգսյանը:

Ակնհայտ է, որ ՀՀԿ ղեկավարը չի ուզենա ավելի պակաս ձայներով վարչապետ դառնալ, քան «անգլուխ ձիավորի» կարգավիճակ ունեցող ապագա նախագահը: Դա նշանակում է, որ «Ծառուկյան» դաշինքը կրկին պետք է կողմ քվեարկի, այս անգամ արդեն մեկ այլ Սարգսյանի օգտին: Կքվեարկի՞ «Ծառուկյանը» Սերժ Սարգսյանի օգտին, կախված է այն բանից, թե ինչ կառաջարկեն կամ չեն առաջարկի Ծառուկյանին:

Այս առումով կա մի քանի սցենար:

Սցենար 1-ին

«Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկում Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Դա նշանակում է, որ իշխանական կոալիցիա կազմելու ակնկալիքները չեն բավարարվել և դաշինքը մնում է ընդդիմադիրի կարգավիճակում:

Սցենար 2-րդ

«Ծառուկյան» դաշինքը ներկայացնող պատգամավորների հետ Բ26-ը սկսում է աշխատել անհատական ռեժիմով և անկախ դաշինքի ղեկավարի ցանկությունից՝ ՀՀԿ թեկնածուն ստանում է դաշինքի մի շարք պատգամավորների «կողմ» ձայները: Դա նշանակում է, որ գործ ունենք կոնֆլիկտային սցենարի հետ, ինչն այս պահին քիչ հավանական է թվում «խախանդ» ու բրեժնևյան այս մթնոլորտում:

Սցենար 3-րդ

«Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկում Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Դա նշանակում է, որ դաշինքը դե յուրե դառնում է իշխանական: Դա էլ իր հերթին նշանակում է, որ դաշինքը՝ որպես փոխհատուցում, ստանալու է կա՛մ պաշտոններ, կա՛մ որոշակի պայմանավորվածություններ են ձեռքբերվելու բիզնես դաշտում:

Վերը ներկայացված սցենարների շրջանակներում կարող են լինել ենթասցենարներ (ասենք՝ Ծառուկյանը հայտարարի, որ ազատ է թողել դաշինքի պատգամավորներին ընտրության հարցում) և համապատասխան զարգացումներ, սակայն, ընդհանուր առմամբ, այս երեք տարբերակներն են հիմնականը:

Թե որ տարբերակը կընտրվի, կերևա շատ շուտով: Մեկ բան պարզ է, որ ապրիլի 9-ից հետո Հայաստանի քաղաքական գործընթացները թևակոխելու են անկայունության ու անորոշության փուլ: Խորհրդարանը դառնալու է ինտրիգների թատերաբեմ: Բոլորը բոլորի դեմ պայքարը և կասկածամտությունը լինելու են խաղի հիմնական կանոնները: Այս ամենի հիմքերը դրվել են նոր Սահմանադրության մեջ, և ոմանք հնձելու են այն, ինչ ցանել էին:

Հանրային շահի մասին խոսելը տվյալ դեպքում անիմաստ է: Նման շահի պաշտպանություն ինտրիգային հարաբերությունները չեն ենթադրում: Մնում է հուսալ, որ ներքին ինտրիգները չեն հանգեցնի արտաքին ֆորսմաժորային ցնցման:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը