Աշխարհ

24.02.2018 11:08


Զինաթափել, թե՞ զինել ամերիկյան դպրոցները (տեսանյութ)

Զինաթափել, թե՞ զինել ամերիկյան դպրոցները (տեսանյութ)

Ֆլորիդայի դպրոցներից մեկում իրականացված հրազենային հարձակումից հետո, որի արդյունքում տասնյոթ մարդ էր զոհվել, Ամերիկայի ավելի մեծաթիվ մարդիկ սկսեցին միանալ հրազենի վաճառքի վրա արգելքներ դնելու պահանջին: Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է գտնել այլ ուղիներ: Ոչ թե խստացնում է, այլ ցանկանում է, որ ուսուցիչները նույնպես զինվեն:

Քանի դեռ ԱՄՆ-ում դպրոցական աշակերտները, հավաքվելով Վաշինգտոնում, պահանջում են խիստ օրենքներ զենքի վաճառքի հարցում, նախագահ Թրամփն առաջարկում է հավելյալ զենքեր:

«Նման մարդիկ չեն կարող մուտք գործել դպրոց, եթե տվյալ դպրոցում ուսուցիչների քսան տոկոսը լինի զինված: Մենք պիտի հասկացնենք այդ մարդկանց, որ եթե մտնեք դպրոց, նախ կսպանեն ձեզ»,-ասել է Թրամփը:

Սակայն դեռեւս պարզ չէ, թե արդյոք օրենսդիր մարմինը կհաստատի ուսուցիչներին զինելու մասին նախագահի ծրագիրը: Պարզ չէ նաեւ, թե այդ հարցին ինչպես կնայի երկրի բնակչության մեծամասնությունը:

Ամերիկյան համալսարանից Քափրի Քաֆարոն ասում է. «Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը դպրոց է մուտք գործում AR-15 տիպի զենքով, եւ նրա դիմաց է դուրս գալիս սովորական ատրճանակով մի ուսուցիչ: Ի՞նչ եք կարծում, արդյոք դա արդար մարտ է»:

Թրամփն ասում է նաեւ, թե ինքը պատրաստ է արտոնել հրազեն գնողների տվյալներն ավելի մանրամասն ստուգելու իրավունք, պատրաստ է արգելել արագացնող սարքերի վաճառքը, մի սարք, որը կիսաինքնաձիգ հրացանները վերածում է լիակատար ինքնաձիգների: Ասում է, թե պատրաստ է նաեւ ավելի բարձր տարիք սահմանել հրազեն գնելու իրավունքի համար:
Այս ամենին ամենադեմն իհարկե Հրազենի ազգային ընկերակցությունն է, որի գլխավոր տնօրեն Ուեյն Լափիերը բողոքում է․ «Նրանց նպատակը Սահմանադրությունում երկրորդ փոփոխությունն ու զենք կրելու մեր իրավունքը վերացնելն է: Այսպես որ, նրանք կարող են վերացնել մեր բոլոր ազատությունները»:

Սպիտակ տան փոխխոսնակ Ռաջ Շահի խոսքերով, չկա բոլոր զինատեսակներն արգելելու նպատակ: «Նպատակն այն է, որ զենք կրելու իրավունքից զրկվեն հասարակության անվտանգությանը սպառնացող անձինք»:

Մեկնաբանություն, որը կարող է լուրջ փոփոխության ենթարկվել եկող շաբաթների ընթացքում, երբ այստեղ սկսվեն զանգվածային այնպիսի ցույցեր, ինչպես ծրագրում են Ֆլորիդայում իրենց ընկերներին կորցրած աշակերտները:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը