Աշխարհ

23.02.2018 13:06


Հալեպի քրդերը մեկնել են Աֆրին. Թուրքիան ռմբակոծել է Աֆրին գնացող սիրիական 3-րդ շարասյունը

Հալեպի քրդերը մեկնել են Աֆրին. Թուրքիան ռմբակոծել է Աֆրին գնացող սիրիական 3-րդ շարասյունը

Փետրվարի 22-ին Հալեպի քրդերը Շեյխ Մահսուդ թաղամասն ամբողջությամբ հանձնել են Սիրիայի բանակին և մեկնել Աֆրին: Նույն օրը երեկոյան Թուրքիայի զինուժը ռմբակոծել է Աֆրին մեկնող սիրիական 3-րդ շարասյունը: Ըստ թուրքական տվյալների՝ դա հենց քրդական շարասյուն էր:

Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատար Ֆըրաթ Խալիլը հայտնել է, որ իրենք լքել են Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասը, ինչի արդյունքում այն անցել է Սիրիայի «ռեժիմի» վերահսկողությանը: Քրդական ուժերը Հալեպից ամբողջությամբ մեկնել են Աֆրին՝ թուրքական ուժերի դեմ ռազմագործողություններին ներգրավվելու:

Այսպիսով Հալեպն արդեն ամբողջությամբ անցել է Սիրիայի կառավարության վերահոսկողությանը:

Արդեն փետրվարի լույս 23-ի գիշերը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնեց, որ փետրվարի 22-ին ռմբակոծել են Աֆրին գնացող «PKK-YPG-DEAŞ»-ի շարասյունը: PKK ասելով` ևս թուրքական կողմն ի նկատի ունի Սիրիայի քրդերի YPG զինուժը: DEAŞ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է: Թուրքիան Աֆրինի գործողությունների սկզբից պնդում է, թե քրդական ուժերի կողմից նաև ԻՊ զինյալներ են կռվում, սակայն մինչ օրս որևէ ապացույց չի ներկայացրել:

Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն նաև հրապարակել է շարասյան ռմբակոծման տեսանյութը: Ըստ հաղորդագրության՝ շարասյունը կազմված է եղել 30-40 մեքենայից:

Հավելենք, որ վերջին օրերին Հալեպից Աֆրին մեկնել է Սիրիայի իշխանություններին հարող ուժերի առնվազն երկու շարասյուն: Առաջինի դեպքում Թուրքիան պնդում էր, որ հրետակոծությամբ նրանց ստիպել են հետ դառնալ, սակայն այդ ուժերն ավելի ուշ նկատվեցին Աֆրինում:

Երկրորդ շարասյան դեպքում լուսանկար էր տարածվել, որ նաև երևում է ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայող:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը