Մեկնաբանություն

23.02.2018 11:45


Ո՞ր դասը չի ուզում լքել Արմեն Սարգսյանը

Ո՞ր դասը չի ուզում լքել Արմեն Սարգսյանը

Արևմտյան արտադրության դետեկտիվ կամ «բոյեվիկ» ֆիլմերում շատ հաճախ հնչում է հետևյալ ձևակերպումը. «Դուք ունեք լռելու իրավունք: Այն, ինչ դուք կասեք, կարող է օգտագործվել Ձեր դեմ»:

Վերջին մեկ ամսում նախագահի թեկնածու աշխատած և նախագահ աշխատելու համաձայնություն տված Արմեն Սարգսյանը խոսում է: Խոսում է լղոզված և Սերժ Սարգսյանի գծած շրջանակից դուրս չի գալիս: Նա ապաքաղաքական է ու վերացական, ապահայաստանյան է ու դեմագոգիկ: Նա բրիտանահայ է ոչ միայն անձնագրով (երկքաղաքացիության հարցը «դիվանագիտորեն» շրջանցվեց), այլ նաև իր՝ հայաստանյան կյանքից կտրվածությամբ:

Ա. Սարգսյանինն այն դեպքն է, երբ ավելի լավ է լռել, քան այդպես խոսել, քանզի ամեն մի ասածը կարող է շուռ գալ և օգտագործվել իր դեմ:

Երեկ նա հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին ու խոսել այն մասին, թե ինչու է համաձայնել ընդունել ՀՀԿ ղեկավարի առաջարկը:

«Կա՞ր արդյոք մեկ բան, որ ինձ դրդեց ասել «այո»: Գործոնները շատ են՝ սկսած մեծ պատասխանատվությունից (իրականում նրա առաջ դրվել է զրո հանրային պատասխանատվություն ունենալու և անիմաստ պաշտոնյա լինելու պատասխանատվություն, ինչին նա համաձայնել է-Հ. Ու.), որ իմ առջև դրվեց, որին «ոչ» ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ»,-իր «այո» ասելու որոշումը պարզաբանել է բրիտանահայ Արմեն Սարգսյանը:

Փաստորեն ստացվում է, որ երբ նա Սերժ Սարգսյանի կաբինետում ժամանակ էր խնդրում մտածելու համար՝ ձևեր էր թափում կամ էլ՝ երկմտում էր, թե արդյոք դասալիք դառնա՞, թե՞ ոչ: Ի վերջո, Արամ Գասպարիչին ու սփյուռքի անհայտ շրջանակներին հանդիպելուց հետո որոշել է դասալիք չդառնալ:

Հարց է առաջանում, թե ի՞նչ դասալքության մասին է խոսում Ա. Սարգսյանը: 1996-ին վարչապետ դառնալուց հետո նա անսպասելիորեն լքել է այդ պաշտոնը՝ հանրությանն անձամբ իր կողմից հետագա տարիներին ոչ մի բացատրություն չտալով (այդ լռությունն էլ տարբեր խոսակցությունների առիթ տվեց):

1996-ից մինչև նախագահ աշխատելու առաջարկ ստանալը Հայաստանում բազում իրադարձություններ են եղել՝ քաղաքական ու տնտեսական ցնցումներից մինչև Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմ, բայց նա լռել է: Նա սեփական կարծիք չի հայտնել դեսպանի կարգավիճակում, բիզնեսմենի կարգավիճակում, հայաստանցու կարգավիճակում, սփյուռքահայի կարգավիճակում և նախագահի թեկնածուի կարգավիճակում: Դա՞ չէ արդյոք դասալքությունը: Թե՞ Արմեն Սարգսյանն իշխանական դասը նկատի ունի, երբ հայտարարում է, որ չի ուզում լքել այն:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Երբ Արմեն Սարգսյանից հետաքրքրվում են, թե կա՞ն արդյոք ՀՀ-ում քաղբանտարկյալներ, նա դիմում է իր սիրած ոճին՝ լղոզված պատասխան է տալիս ու սկսում դեմագոգիայով զբաղվել:

Նրան հարցնում են կա՞, թե՞ չկա քաղբանտարկյալ, իսկ նա պատասխանում է, որ լավ կլինի, որ քաղբանտրակյալ ամբողջ աշխարհում ու մասնավորապես՝ Հայաստանում չլինի: Այսինքն՝ նա գերադասում է կենաց ասել (նույն տրամաբանությամբ, երբ նրան հարցնեն, թե կա՞ն արդյոք աղքատներ Հայաստանում, նա կպատասխանի, թե ավելի լավ է լինել առողջ և հարուստ, քան հիվանդ ու աղքատ): Ա. Սարգսյանին հենց դրա համար էլ առաջարկել են նախագահ աշխատել, ինքն էլ դասալիք չի ուզեցել դառնալ ու համաձայնել է իշխանական թիմի ապաքաղաքական նախագահի դերը ստանձնել:

Ծիծաղելին այն է, որ Արմեն Սարգսյանը «դրսից տղա» է բերում, որպեսզի խուսափի քաղբանտարկյալ ձևակերպումից:

«Խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում անեք, որևէ միջազգային կազմակերպություն, դեռևս ես չեմ տեսել, որ հայտարարի, որ, այո՛, Հայաստանում այսինչ անհատը քաղբանտարկյալ է»,-իր լղոզված դիրքորոշման «ատմազկան» է ներկայացնում «4-րդ հանրապետության 1-ին նախագահը», ապա ավելացնում, որ տեղական կառույցները, որոնք մարդու իրավունքներով են զբաղվում, քաղաքական բանտարկյալների ինչ-որ ցուցակ են ներկայացնում, բայց ինքը բան չի կարող ասել այդ թեմայով:

Այսինքն՝ ստացվում է, որ Արմեն Սարգսյանի համար կա ճշմարտությունների բարձրագույն մի ատյան և դա միջազգային կազմակերպությունն է, իսկ ահա հայաստանյան իրավապաշտպանների տեսակետը կարևոր չէ: Բայց չէ՞ որ ՀՀ նախագահը պետք է սեփական տեսակետը հայտնի՝ անկախ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումներից: Բայց դե սեփական տեսակետ ունենալը հակացուցված է ՀՀԿ-ին կից նախագահի համար, այլապես նրան դասալիք կհամարեն նույն այդ ՀՀԿ-ում:

Այս խորագրի վերջին նյութերը