Աշխարհ

20.02.2018 19:47


Կործանված օդաչուի հայրն ուզում է վերջին անգամ լսել որդու` Սերգեյ Ղամբարյանի ձայնը

Կործանված օդաչուի հայրն ուզում է վերջին անգամ լսել որդու` Սերգեյ Ղամբարյանի ձայնը

Մերձմոսկովյան շրջանում վթարված Ան-148-ի սև արկղերի ձայնագրությունների գաղտնազերծումը ստիպել է առաջ քաշել այն վարկածը, որ օդաչուների պատրաստվածությունը ոչ պատշաճ մակարդակում է եղել, և նրանք մոռացել են միացնել ճնշման ընդունիչների հակասառեցման համակարգը։

Ան-148-ի երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանի հայրը` Արսենը, այդ վարկածը «հիմարություն» է անվանել` հայտարարելով, որ որդին բարձրակարգ օդաչու էր, հիանալի պատրաստվածություն է անցել և չէր կարող նման կոպիտ սխալ թույլ տալ։

Օդաչուի հայրը դժվարացել է ասել` որն է եղել աղետի պատճառը։

«Այն, ինչ հիմա գրում են, թե իբր չեն միացրել ճնշման ընդունիչների ջեռուցումը, իմ կարծիքով, անհեթեթ է։ Ես նման օդանավերով չեմ թռել, բայց ընկերս երեկ ուղարկեց Ան-148-ի տեխնիկական ուղեցույցը։ Այնտեղ նշված է, որ եթե ջեռուցումը միացրած չէ, օդանավն այդ մասին երեք տարբեր ազդանշան է տալիս. տեղեկություն է հաղորդվում, ազդանշան է տրվում, բացի այդ լուսատախտակի վրա տեքստ է երևում։ Այդ ազդանշանները չնկատել անհնար է. պետք է խուլ կամ կույր լինել։ Ազդանշանը տրվում է դեռ այն ժամանակ, երբ ինքնաթիռը թռիչքուղու վրա է գտնվում, օդ բարձրանալուց առաջ»,-armeniasputnik.am-ը հայտնում է, որ ասել է Արսեն Ղամբարյանը «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում։

Այն հարցին, թե արդյոք Սերգեյը վատ կանխազգացո՞ւմ է ունեցել ողբերգության օրը տանից դուրս գալիս, Ղամբարյանն ասել է, որ որդին, հակառակը, տանից շատ ոգևորված է դուրս եկել։

«Չէ՞ որ նա շատ էր սիրում թռչել։ Ամբողջ կյանքը դրան էր ձգտում, 16 տարեկանից, իսկ երազանքը կարողացավ իրականացնել միայն այն ժամանակ, երբ գրեթե 40 տարեկան էր»,-պատմել է զոհվածի հայրը։ Սերգեյը 810 թռիչքային ժամ է ունեցել։

Ղամբարյանը հայտնել է նաև, որ որդին երբեք չի խոսել օդանավում առկա որևէ տեխնիկական խնդիրների մասին։ «Ես չէի ցանկանա այժմ քննարկել չստուգված վարկածները, սակայն ի սկզբանե ականատեսներն ասում էին, որ ինքնաթիռը սկսել է քանդվել օդում, այրվել է դեռ հողին բախվելուց առաջ»,-ասել է նա։

Ողբերգության մասին Արսեն Ղամբարյանն իմացել է, երբ դեռ որևէ պաշտոնական տեղեկություն չի եղել։ Նրան մի ծանոթ է զանգահարել, որը նույն տիպի օդանավ է վարում, և հարցրել. «Սերգեյը Օրսկ էր մեկնո՞ւմ»։ Եվ հայրն ամեն ինչ հասկացել է։

Ղամբարյանի հայրը մի քանի օր առաջ ԴՆԹ-ի թեստ է հանձնել որդու դին ճանաչելու համար։ Քննիչներն ասել են, որ մարմինների շատ փոքր հատվածներ են մնացել, դրանք նույնականացնելու համար 1-3 ամիս կպահանջվի։ «Երկար հարցուփորձ էին անում ինձ` Սերյոժան խաչ ունեցե՞լ է, ո՞ր ապրանքանիշի ժամացույց է կապել, ի՞նչ հեռախոս ուներ։ Ասացին, որ եթե նրա իրերից որևէ բան լավ վիճակում գտնեն, կվերադարձնեն։ Սակայն հազիվ թե»,-ասել է հայրը։

Հետաքննության ընթացքի և արդյունքների մասին Ղամբարյանին պաշտոնական որևէ տեղեկություն չեն հայտնում։ Ամեն ինչի մասին օդաչուի ընտանիքը տեղեկանում է միայն ԶԼՄ-ներից։

«Ես, իհարկե, պահանջելու եմ, որ ինձ թույլ տան լսել ձայնագրությունները։ Նախ, որպես օդաչու ուզում եմ գնահատել օդանավում ստեղծված իրավիճակը։ Բացի այդ, ուզում եմ վերջին անգամ լսել որդուս ձայնը»,-ասել է նա։

Մանրամասները՝ armeniasputnik.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը