Լրահոս

08.02.2010 16:27


Թուրքագետ. «Թուրքիայի նեոօսմանիզմի այս գաղափարախոսությունը հնարավորություն չունի, որ դառնա իրականություն»

Թուրքագետ. «Թուրքիայի նեոօսմանիզմի այս գաղափարախոսությունը հնարավորություն չունի, որ դառնա իրականություն»

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այնպիսի տպավորություն ունի, որ հայերը գերագնահատում են Թուրքիայի արտաքին քաղաքականության լրջությունը։

-Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, մանավանդ վերջին շրջանում, իր մեջ սկսում է ներառել արկածախնդրության որոշակի տարրեր,- «Հենարան» մամուլի ակումբում ասել է Ռ. Սաֆրաստյանը,- իրականում մենք տեսնում ենք, որ Թուրքիայի հարևանները և աշխարհի հզոր պետություններն այս նոր խաղի կանոնները, որ փորձում է հաստատել Թուրքիան, չեն ընդունում, և նեոօսմանիզմի այս գաղափարախոսությունը, որը շատ վախվխելով, շատ զգուշորեն Թուրքիայի արտաքին քաղաքականության ղեկավարները նոր արտաքին քաղաքականության հիմքում են փորձում, ըստ էության, հնարավորություն չունի, որ դառնա իրականություն և հասնի իր նպատակներին։

Որպես Թուրքիայի արտաքին քաղականությունում այդ արկածախնդրության տարրերի ուժեղացում է թուրքագետը գնահատում Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունները, որոնք, Ռ. Սաֆրաստյանի կարծիքով, ոչ մի լավ բանի չեն բերի առաջին հերթին Թուրքիային և վերջինիս հարևաններին։

-Թուրքիան այսպիսի մի փուլ է ապրում, երբ ռուսերեն մի արտահայտություն կա՝ и хочется и колется։

Ռ. Սաֆրաստյանի հետ համաձայնել է նաև նույն ակումբում հյուրընկալված «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը։

-Եթե ժամանակին՝ Առաջին համաշխարհային պատերազմում, օսմանիզմը հանգեցրեց Օսմանյան կայսրության փլուզմանը, ապա կարծում եմ, որ Թուրքիայի մոտ հաջողությունների գլխապտույտը նեոօսմանիզմի համատեքստում նրան կարող է բերել նույն «կրախին»։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին, ապա Գ. Հարությունյանը համոզված չէ, որ այն մտել է փակուղի.

-Կան բարդություններ, և դրանք ի սկզբանե սպասելի էին։ Չեմ կարող բացառել, որ գործընթացն ավելին տևի, քան նախատեսվում էր։ Միևնույն ժամանակ այսօր թվում է, թե պետք է այդ գործընթացն ինչ-որ տրամաբանական ավարտ ունենա՝ հարաբերությունների ստեղծման տեսքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը