Մեկնաբանություն

19.02.2018 00:05


Անսպասելի վիճակ Պուտինի համար. «тёмная лошадка» է հայտնվել (տեսանյութ)

Անսպասելի վիճակ Պուտինի համար. «тёмная лошадка» է հայտնվել (տեսանյութ)

ՌԴ-ում սպասվող նախագահական ընտրություններում անսպասելի շրջադարձ է տեղի ունեցել:

Մինչ Կրեմլում պայքարում էին այսպես կոչված լիբերալ շրջանակների դեմ, «դհոլային» թեկնածուներ էին մտցնում ընտրապայքարի մեջ (Քսենյա Սոբչակ) ու համարում, որ սկանդալային Նավալնու թեկնածությունը չգրանցելով՝ կարող են նախընտրական «խախանդ» վիճակ ապահովել և քարոզարշավը վերածել խաղ ու պարի, կոմունիստները խաղի մեջ մտցրեցին Գրուդինինին: Վերջինս բոլորովին անհայտ մեկն է քաղաքական դաշտում, բայց շատ կարճ ժամանակահատվածում դարձել է նախագահական ընտրությունների «тёмная лошадка»-ն:

Գրուդինինը միլիոնատեր է, բայց չի ընկալվում որպես օլիգարխ ու թալանչի: Նա քրեական աշխարհից չէ և սոցիալական շուկայական տնտեսության ու արդարության գաղափարներով է հանդես գալիս՝ որպես ծրագրային մեխ դիտարկելով կոռուպցիայի դեմ պայքարը (ակնարկում է Պուտինի մերձավոր շրջապատին):

Կրեմլյան քարոզչամեքենան հիմա ոչ ստանդարտ վիճակում է հայտնվել: Բանն այն է, որ ռուսական հեռուստաալիքները տարիներ շարունակ լրիվ այլ ռեժիմով էին աշխատել, քանզի Պուտինին որևէ մեկն իր վարկանիշով նույնիսկ մոտ չի եղել, ինչը հնարավորություն էր տվել հանդես գալ այսպես կոչված պոլիտկոռեկտ վարքագծով: Հիմա հեռուստաալիքները «կացնային» ու պարզունակ հակաքարոզ են տանում Գրուդինինի դեմ, ինչը է՛լ ավելի է բարձրացնում նրա սրընթաց աճող վարկանիշը. բողոքական ընտրազանգվածն այդ քարոզի արդյունքում մեծամասամբ կողմնորոշվելու է դեպի Գրուդինինը:

Օրինակ՝ հեռուստատեսությամբ հայտարարվում է, որ Կոմկուսի թեկնածուն ունի ընդամենը 7,5 տոկոս (համացանցային տարբեր հարցումներում Գրուդինինն առաջատար է), իսկ ահա Պուտինի վարկանիշը 72 տոկոս է: Ու այդ թվերը հրապարակելուց հետո սկսում են ժամերով հակաքարոզ տանել Գրուդինինի դեմ: Հարց է առաջանում՝ եթե նա այդքան ցածր վարկանիշ ունի, ապա ի՞նչ կարիք կա իրար խառնվելու և հակաքարոզ տանելու: Ինչևէ:

Նկատենք, որ Գրուդինինի ֆենոմենը լրիվ տեղավորվում է ժամանակակից «թրենդի» մեջ: Քաղաքական դաշտի գործիչներին շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ձեռնոց են նետում բիզնեսից եկած մարդիկ (Թրամփ, Իվանիշվիլի, Պորոշենկո և այլն): Գրուդինինը «գեղցի չոբանի» իմիջ ունի, բայց հայտնվել է ճիշտ պահին ճիշտ տեղում, և դա է պատճառը, որ նա դառնում է լուրջ գործոն:

Նա հասարակ ժողովրդի համար հաճելի թեզեր է հնչեցնում՝ համեմված պոպուլիզմով, ինչը տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող ՌԴ-ում շատ ընդունելի է ու պլեբսի ականջի համար դուրեկան: Ու եթե սրան գումարում ենք այն ընտրազանգվածին, ովքեր ոչ թե կողմ են այս կամ այն թեկնածուին, այլ պարզապես հոգնել են Պուտինի գրեթե 20-ամյա իշխանությունից (իշխանությունն այդ ցմահ դառնալու միտում ունի) և փոփոխություն են ուզում, ապա պատկերը ամբողջական է դառնում: Գրուդինինին կգնան հակապուտինական քվեները, քանզի հենց նա է այժմ ընկալվում որպես իշխանության հիմնական «սպարինգ-պարտնյոր»:

Պուտինն առաջին անգամ լուրջ խնդրի առաջ է կանգնած: Պարզ է, որ Կրմելում չեն պատրաստվում իշխանությունը հանձնել, բայց պահելն էլ հեշտ չի լինելու, և եթե Գրուդինինը մնա մինչև վերջ, ապա ակնհայտ է, որ ՌԴ գործող նախագահը իր հերթական ժամկետին կգնա զգալիորեն թուլացած. նրա ցարական իմիջին լրջորեն հարվածել է «սովխոզնիկ» Գրուդինինը:

Թե ինչպիսին կլինեն կոնկրետ զարգացումները, պարզ կդառնա առաջիկա մեկ ամսում:

Ինչ վերաբերում է ՌԴ-ում տեղի ունեցող գործընթացների ազդեցությանը Հայաստանի վրա, ապա դրանք, բնականաբար, կլինեն:

Ի դեպ, Գրուդինինը իր հրապարակային ելույթներում աչքի է ընկել ընդգծված հակահայկական դիրքորոշմամբ և ՌԴ-ում բնակվող հայերի հանդեպ բացասական վերաբերմունքով: Իսկ թե ինչու է այդպես ստացվել, առանձին խոսակցության թեմա է:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ. Կրեմլը Գրուդինինի դեմ հայ հանրությանը հայտնի տեխնոլոգիաներից է կիրառում:

Նախագահի մշտական թեկնածու և Կրեմլի դրածո Ժիրինովսկին հայտարարում է, որ ինքն ընդդիմություն է, բայց իր քարոզարշավում կռիվ է տալիս բացառապես Գրուդինինի դեմ:

Դե իսկ Սոբչակի ֆունկցիան անիմաստ դարձավ, քանզի վտանգն այժմ ոչ թե նավալնիական ընտրազանգվածից է սպասվում (Սոբչակը պետք է ձգտեր գողանալ այդ հատվածի ձայներից), այլ ռուսական Կոմկուսի առաջադրած անկուսակցական Գրուդինինից: Սոբչակն, ըստ այդմ, ավելորդ փող ուտող բերան է և չի կարող իր «դհոլական» դերը կատարել:

Հ.Գ.-2 Կրեմլում անակնկալի են եկել Գրուդինինի պահով նաև այն պատճառով, որ Կոմկուսի առաջնորդ Զյուգանովից չեն սպասել նման հարված թիկունքից:

Գաղտնիք չէ, որ ռուսական Կոմկուսը ինտեգրված է պուտինյան համակարգին: Ճիշտ է, ֆորմալ առումով այն ընդդիմադիր ուժ է, բայց միևնույն է տեղավորվել է Կրեմլի գծած խաղի կանոնների մեջ:

Հիմա Կրեմլից հրապարակավ (ոչ անհայտ հաղորդավար Կիսելյովի շուրթերով) շանտաժ են անում Զյուգանովին ու նաև ագրեսիվ տոնով հասկացնում, որ եթե Կոմկուսը շարունակի խաղարկել Գրուդինինի գործոնը, ապա կկիրառվեն որոշակի սանկցիաներ: Կկիրառեն թե ոչ, դեռ պարզ չէ: Առայժմ տեղի է ունենում ոչ թե պատժի կիրառում, այլ պատժի կիրառման սպառնալիք:

Այս խորագրի վերջին նյութերը