Աշխարհ

18.02.2018 22:04


Սահակաշվիլիի կողմնակիցները Կիևում բազմահազարանոց երթ են անցկացրել (տեսանյութ)

Սահակաշվիլիի կողմնակիցները Կիևում բազմահազարանոց երթ են անցկացրել (տեսանյութ)

Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտի պահանջով երթ է անցկացվել: Ակցիային մասնակցել են Վրաստանի 3-րդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, ուկրաինական ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության հիմնադիր Միխայիլ Սահակաշվիլիի և ընդդիմադիր այլ ուժերի կողմնակիցները:

Շևչենկոյի անվան հրապարակում հավաքված ցուցարարները դժգոհություն են հայտնել Սահակաշվիլիին երկրից արտաքսելու հետ կապված և պահանջել իշխանության հրաժարականը: Չեռնովցի քաղաքում էլ Սահակաշվիլիի կողմնակիցներն այսօր այրել են Պորոշենկոյի տեսքով խրտվիլակը:

Երթի պատճառով Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի փողոցում դադարեցվել է երթևեկությունը, որոշ ժամանակով Կիևի մետրոյի մի քանի կայարան չի աշխատել:

Միխայիլ Սահակաշվիլին կապի է դուրս եկել իր կողմնակիցների հետ՝ ուղերձ հղելով ուկրաինացիներին Facebook-ում տեսանյութի հեռարձակման միջոցով:

«Ողջունում եմ ձեզ: Ես անչափ հպարտ եմ նրանցով, ովքեր այժմ հավաքվել են հրապարակում: Պորոշենկոն ինձ ուժով է դուրս նետել երկրից և մտածում էր, որ իր համար լուծել է խնդիրը։ Մարդիկ փողոց են դուրս գալիս ոչ թե Սահակաշվիլիի, այլ Ուկրաինայի համար: Ուկրաինացի ժողովրդին արդեն ոչնչով չես կանգնեցնի»,-հայտարարել է Սահակաշվիլին:

Հիշեցնենք, որ Միխայիլ Սահակաշվիլին փետրվարի 12-ին արտաքսվել էր Լեհաստան: Ավելի ուշ նա տեղափոխվել էր Նիդերլանդներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը