Աշխարհ

16.02.2018 22:01


Ադրբեջանում նախագահական ընտրություններին ընդառաջ ուժեղացել են դատապարտված հավատացյալների և նրանց ընտանիքների ճնշումները

Ադրբեջանում նախագահական ընտրություններին ընդառաջ ուժեղացել են դատապարտված հավատացյալների և նրանց ընտանիքների ճնշումները

Ադրբեջանի «Կալանավորված հավատացյալների պաշտպանության կոմիտեն» դատապարտված հավատացյալների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրային լսումներ է իրականացրել: Այս մասին, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Կոմիտեի ղեկավար Էլդանիզ Գուլիևի փոխանցմամբ` վերջին շրջանում կալանավորված հավատացյալների և նրանց ընտանիքների նկատմամբ ճնշումներն ուժեղացել են:

«Ներկայումս Ադրբեջանի 160 քաղբանտարկյալներից ավելի քան 100-ը հանդիսանում են հավատացյալները: Հավատացյալների ընտանիքների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն կանխելու նրանց հասարակական ակտիվությունը: Ինչ վերաբերվում է դատարաններին նրանք իրենց անօրինական վճիռներով մարդկանց դրդում են օրենքից դուրս քայլերի»,-նշել է «Կալանավորված հավատացյալների պաշտպանության կոմիտեի» ղեկավարը:

Լսումների մասնակիցները որոշեցին բարձրացնել հավատացյալների ռեպրեսիաների մասին հասարակության իրազեկվածությունը:

Որոշվել է նաեւ բարձրացնել ձերբակալված հավատացյալների ընտանիքների ուշադրությունը եւ նրանց աջակցել:

Իլհամ Ալիևը քաղաքական ընդդիմությանը հեռացնելով քաղաքական ասպարեզից, այդտեղ թողել է ազատ տարածք, վակում, որը լցվել է կրոնական ընդդիմության կողմից:

Եվ այժմ Ադրբեջանի ներսում ամենահզոր ընդդիմությունը կրոնական ընդդիմությունն է: Այլ խոսքերով` շիայական զանազան խմբերն են, որոնք առնվազն բարոյական, քարոզչական մակարդակում հովանավորում են Իրանի կողմից:

2015 թվականի նոյեմբերի 27-ի կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել էին Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզադեին և ևս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել էին Նարդարանի բնակիչներին: Նրանց և ոստիկանության միջև բախումներ էին սկսվել: Փոխհրաձգությունների հետևանքով երկու ոստիկան և 5 բնակիչ սպանվել էին: Հաջորդ օրերին իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ էին սկսվել նաև Գյանջայում, Լենքորանում և այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ ավանի շիա առաջնորդները ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվանումը կրող շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում ու երկրի շրջաններում և մատակարարել նրանց զենքով և պայթուցիկ նյութերով:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը