Մեկնաբանություն

16.02.2018 22:10


Արմեն Սարգսյանը չդիմացավ առերեսմանը. նա համաձայն է

Արմեն Սարգսյանը չդիմացավ առերեսմանը. նա համաձայն է

Կիսով չափ բրիտանացի ու կիսով չափ հայաստանցի Արմեն Սարգսյանը համաձայնել է ՀՀ նախագահ աշխատել (նրա՝ վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու և վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու հարցը մնաց օդում կախված): Նա ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկն ու խոստացել, որ կարդարացնի ՀՀԿ ղեկավարի բարձր վստահությունը:

Փաստորեն, Արմեն Սարգսյանը դրսի անհայտ շրջանակների, Դեմկուսի Արամ Գասպարիչի ու էլի մի քանի զրոյական ազդեցության և մոռացված գործիչների հետ հանդիպելուց հետո զգաց, որ պետք է նախագահ դառնա (մեր հարևան Վալոդն, ի դեպ, նեղացել է, որ Արմեն Սարգսյանն իրեն չի հանդիպել, քանզի գասպարիչներից շատ ավելի տեղեկացված ու ազդեցիկ գործիչ է և նրան առարկայական ցույց կտար, թե ինչն ինչոց է):

Երբ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ ուզում է հանդիպումներ անցկացնել ու նոր միայն որոշում կայացնել, շատերը կարծում էին, որ դա պարզ ձևականություն է և գավառական թատրոնի դրսևորում: Կար նաև տեսակետ, որ նա իրոք դեռ որոշում չունի ու չի բացառվում, որ մի քիչ հայաստանյան իրականության հետ ծանոթանալուց հետո չի ընդունի առաջարկը:

Ինչպես փորձը ցույց տվեց՝ նշանակովի նախագահը «յալվար» է այդ հարցում: Ճիշտ է, նա մի քիչ գոռգոռաց, «քացի» տվեց, սպառնաց, որ կբողոքի, բայց դա հին հաճախորդական ավանդույթի նորովի մատուցում էր: Ընդամենը:

Արմեն Սարգսյանը համաձայնել է նախագահ աշխատել և Սերժ Սարգսյանից թույլտվություն է խնդրել իր աշխատանքային ոլորտների մասով՝ կրթություն և քաղաքացիական հասարակություն: Երկուսն էլ «անշառ» ոլորտներ են: Կրթության առումով, երևի, մտքում մի երկու բան կա դեռևս սովետի ժամանակներից մնացած, որը նա կփորձի ներդնել, իսկ ահա քաղհասարակության մասով, թերևս, կփորձի գրանտներ «կպցնել» և անիմաստ ելույթներ ունենալ դրա կայացման անհրաժեշտության մասին: Ահա այն ոլորտները, որտեղ նա աչքի է ընկնելու (Սերժ Սարգսյանը մեծահոգաբար համաձայնել է):

Ի դեպ, նոր Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ նախագահի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Այդ լիազորությունների շրջանակի մեջ կարելի է մտցնել կրթությունը և քաղհասարակության հարցերը, բայց կան շատ ավելի հստակ ու քաղաքական լիազորություններ (հետևել Սահմանադրության պահպանմանը, նշանակել ու ազատել զինված ուժերի ղեկավար կազմին, ներում շնորհել և այլն), որոնց իրացմամբ Սերժ Սարգսյանն արգելել է զբաղվել ապագա նախագահին ու իր խոսքում Արմեն Սարգսյանը նշեց, որ համաձայն է այդ խաղի կանոնին: Ասել է թե՝ նա համաձայնել է աշխատել Հայաստանի «անգլիական թագուհի», բայց առանց թագուհու լիազորությունների ու թագի (նման պաշտոնյաների մասին ժողովրդական դիպուկ խոսք կա):

Ակնհայտ է, որ այս կամ այն հանրային խնդրի վերաբերյալ Արմեն Սարգսյանը մշտապես լղոզված պատասխաններ է տալու՝ հորդորելով կապվել իր գրասենյակի հետ (համենայնդեպս, նրա պահվածքն այլ բան եզրակացնելու տեղիք չի տալիս):

Արմեն Սարգսյանը հանրային հետաքրքրության խնդիրներին չանդրադառնալու «ատմազկա» ունի, և այս օրերին նա ցույց տվեց, որ իրոք համապատասխանում է Սերժ Սարգսյանի պատկերացրած նախագահի չափանիշներին: Նա միշտ կարող է հայտարարել, որ տեղյակ չէ այս կամ այն իրադարձությունից ու չի կարող գնահատական տալ, քանի որ այդ պահին եղել է տանը, ռեստորանում, գրասենյակում, Լոնդոնում, Բռնակոթ գյուղում կամ այլ տեղ: Մի խոսքով, Ա. Սարգսյանի գրասենյակը միշտ հայտարարելու է, որ նա տեղում չէ, բայց տարածքում է:

Արմեն Սարգսյանն իր այս անփառունակ քարոզարշավի ժամանակ ցույց տվեց նաև, որ նյարդայնացնելու է բոլորին՝ ժողովրդից մինչև ՀՀԿ, քանզի «Հարսնացուն հյուսիսից» (տվյալ դեպքում՝ հյուսիս-արևմուտքից) ֆիլմի հերոսներից մեկի (հարսի հոր) նման ոչ մի կոնկրետ բան չի կարողանալու ասել՝ փորձելով միաժամանակ դուր գալ բոլորին՝ միաժամանակ հարվածներ ստանալով բոլորից: Ըստ ամենայնի՝ նա ցանկացած թեմայի վերաբերյալ խրոխտ հայտարարելու է, որ սեփական կարծիք ունի, բայց պետության գլխի իր խոսքը կասի, երբ վերադառնա «Նատալյա Սեմյոնովնան»: Իսկ թե ի՞նչ կլինի, երբ «Նատալյա Սեմյոնովնան» վերադառնա ու մտնի «մեջլիս», արդեն այլ խոսակցության թեմա է:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը