Հարցազրույց

16.02.2018 20:05


Ավետիս Քալաշյան. «Առանցքային այս վկայի ցուցմունքից կարող ենք եզրակացնել, որ սա ընդամենը «պոդստավկա» է»

Ավետիս Քալաշյան. «Առանցքային այս վկայի ցուցմունքից կարող ենք եզրակացնել, որ սա ընդամենը «պոդստավկա» է»

Հարցազրույց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի հետ

-Այսօր Վերաքննիչ քրեական դատարան բերվեց գործով առանցքային վկա Ռոբերտ Աղվանյանը, ով բավականին ուշագրավ հայտարարություններ արեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա ցուցմունքը։

-Վկայի տված ցուցմունքների օբյեկտիվության վրա որևէ հիմք չունեմ կասկածելու։ Մի շատ հետաքրքիր փաստ արձանագրվեց․ վկա Ռոբերտ Աղվանյանը զենքի մասերը տրամադրել է Հրաչյա Մայիլյանին, սակայն գումարն ամբողջովին չստանալով (պայմանավորված գումարից ընդամենը 4 հազար դոլարն է ստացել) և Հրաչյա Մայիլյանն էլ հաստատապես տեղեկացված լինելով, որ այդ զենքի մասերը չեն գնելու՝ համոզել է Ռոբերտ Աղվանյանին, որ դրանք մնան իր մոտ։

Նաև գումարի չափերն են տարբեր նշում․ Հրաչյա Մայիլյանն ասում է՝ 37 հազար դոլար, Ռոբերտ Աղվանյանը՝ 25 հազար դոլար։

-Փաստորեն, ի՞նչ կարող ենք եզրակացնել դրանից։

-Կարող ենք եզրակացնել, որ սա ընդամենը«պոդստավկա»է։ Հրաչյա Մայիլյանը «պոդստավկա» է արել գործով ամբաստանյալներին։

-Որոշակի պատվեր կատարելո՞վ։

-Չեմ կարող ասել՝ պատվե՞ր է եղել, ո՞ւմ կողմից է եղել, հետևությունները թողնում եմ ձեզ։ Ես ընդամենն արձանագրեցի փաստը, որովհետև հակառակն անտրամաբանական է ստացվում․ ինչի՞ համար ինքն իր գրպանից պետք է վճարեր 4 հազար դոլար, և իմանալով հանդերձ, որ այդ զենքը չի գնվելու՝ համոզեր դրա տիրոջը, որ դա մնա իր մոտ։

-Այս ցուցմունքը բեկում կմտցնի՞ գործում, թե՞ դատարանը անգամ դա էլ հաշվի չի առնի։

-Կոնկրետ Սամվել Բաբայանի մասով՝ չեմ կարծում, որովհետև նրան առաջադրված մեղադրանքն այլ է։ Պարզապես հետաքրքիր էր, թե Ռոբերտ Աղվանյանն ինչ կասեր, այդ պատճառով միջնորդեցինք նրան բերել դատարան՝ հույս ունենալով, որ որևէ նոր նշանակություն ունեցող հանգամանքի մասին կարող է հայտնել։

-Ընդհանուր առմամբ, Վերաքննիչ քրեական դատարանից ի՞նչ ակնկալիք ունեք, կբավարարի՞ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանելու և երկու մեղադրանքով էլ արդարացման դատական ակտ կայացնելու ձեր դիմումը։

-Ճիշտն ասած, չեմ ուզում գուշակություն անել։ Ամեն դեպքում, ադ օրն արդեն հեռու չէ։ Ինձ թվում է՝ հաջորդ նիստը կլինի վերջինը, իսկ դրանից հետո կսպասենք Վերաքննիչ դատարանի որոշմանը։

-Իսկ եթե ձեզ բավարարող որոշում չկայացնի, հաջորդ ատյանի դատարան դիմելո՞ւ եք։

-Իհարկե՛, անպայման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը