Աշխարհ

16.02.2018 11:11


Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար․ Միջնորդների նոր գաղափարները՝ «փոքր փաթեթներով» փուլային լուծում

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար․ Միջնորդների նոր գաղափարները՝ «փոքր փաթեթներով» փուլային լուծում

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի վերլուծությամբ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին բանակցությունների, մասնավորապես՝ Կրակովում կայացած հանդիպման արտահոսքը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած նոր գաղափարները իրենցից ներկայացնում են «փոքր փաթեթներով» փուլային կարգավորում:

Ֆեյսբուքի իր էջում տեղադրված վերլուծության մեջ նա գրել է, թե «փոքր փաթեթներով» կարգավորումը ենթադրում է «ադրբեջանական մեկ-երկու շրջանի ազատում»՝ դրա դիմաց ամրագրելով Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի ինչ-որ հատվածներ, ենթադրենք՝ Ղարաբաղի ապագա հարկային համակարգի որոշում: Եվ այդպիսի տրամաբանության հերթականությամբ՝ յուրաքանչյուր շրջանի ազատման դիմաց Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի առանձին հատվածներ են ճանաչվում և ամրագրվում՝ ընտրական համակարգը, արտաքին կապերը, և այլն:

Հաշվի առնելով նաև Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամկետը հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու որոշումը՝ Զուլֆուգարովը գտնում է, որ բանակցային գործընթացում կարող են տեղի ունենալ «չակերտավոր հուսադրող տեղաշարժեր», ինչը նա Ադրբեջանի համար անընդունելի է համարում:

Ադրբեջանի նախկին արտգործնախարարը գրում է, որ «փոքր փաթեթներով» հակամարտությունը լուծելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Ռուսաստանի կողմից Մինսկի խմբում անցյալում համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ով այդ պաշտոնից հեռացվել էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի պահանջով: Բայց ահա, այդ գաղափարները Կրակովում նորից հայտնվել են, և, Թոֆիկ Զուլֆուգարովի խոսքով, «բացատրությունը պարզ է՝ Մինսկի խումբ կոչվող թատրոնին նոր դեկորացիաներ են անհրաժեշտ Մինսկի խմբի բանակցություններ կոչվող անվերջանալի ներկայացման համար»:

Թոֆիկ Զուլֆուգարովը Ադրբեջանի արտգործնախարար է եղել 1998-99 թվականներին՝ Հեյդար Ալիևի նախագահության ժամանակ:

Նրա ֆեյսբուքյան հրապարակման տակ մի շարք մեկնաբանություններ կան, այդ թվում՝ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի կողմից, ով օրերս հարցազրույց էր տվել «Արմինֆո» գործակալությանը: Մուսաբեկովը Ֆեյսբուքում գրել է, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի սկզբունքային որոշման՝ կարգավիճակի առանձին տարրերի քննարկումը և ճանաչումը անիմաստ է:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը