Մեկնաբանություն

14.02.2018 13:55


Տարոն Մարգարյանի վախը պետք է բռնել. «ջիգիթներին»՝ առաջնագիծ

Տարոն Մարգարյանի վախը պետք է բռնել. «ջիգիթներին»՝ առաջնագիծ

Երևանի քաղաքապետ աշխատող Տարոն Մարգարյանը երեկ լավ վախեցել էր: Երբ տեսավ, որ անհասկանալի նյութով լի բաժակով մոտենում են իրեն, ենթականերին կոչ արեց «դեմն առնել»:

-Դեմը ա՛ռ, դեմը ա՛ռ, շուշո՛ւտ, դեմը ա՛ռ,- վախվորած հայտարարում էր Տարոն պարոն Մարգարյանը:

Ահա այդպես ճերմակ պիջակով կինը յուրօրինակ ձևով բլդուխ արեց իր շրջապատում ամենազոր ու «կռուտոյ» երևացող Տարոն Մարգարյանին:

Հիմա պետք է բռնել Մարգարյանի վախը, որպեսզի քաղաքապետարանի ավագանու մյուս նիստերի ժամանակ նա կարողանա իրեն տիրապետել: Վախը հազար ու մի հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, իսկ Տարոնը, դատելով ամենից, դեռ ուզում է քաղաքապետ աշխատել:

Վախն ընդհանրապես հատուկ է ավտորիտար ռեժիմներին: Այդ ռեժիմը ժանիքներ ունի և պարբերաբար կծոտում ու վախեցնում է հանրությանը, բայց ամենաշատն ինքն է վախեցած հանրությունից: Հենց այդ վախն էլ ագրեսիվություն է ծնում:

Երևանի ավագանիում մենք ականատես եղանք մի կողմից վախի, մյուս կողմից՝ քծնանքի ճղճիմ դրսևորման:

Միայն վախեցած մարդիկ կարող էին հարձակվել կնոջ վրա և ուժ կիրառել: Եվ միայն ստորաքարշները կարող էին շեֆի աչքին երևալու համար իրենց ցույց տալ և «աչոկ» հավաքել՝ «Տեսար, շե՛ֆ, ոնց էի թասիբդ պահում» թեմայով:

Կարող եք չկասկածել, որ եթե այլ պետական գերատեսչությունում նման ակցիա լիներ, ապա մոտավորապես նույն պատկերը կստանայինք:

Մի՛ կասկածեք նաև, որ եթե վաղը իշխանությունը փոխվի, ապա այսօրվա «ջիգիթները» կամ ծակն են մտնելու, կամ էլ նոր տերերին նույն էնտուզիազմով ծառայելու են՝ հայհոյելով նախկին տերերին:

Ի դեպ, ճիշտ կլինի, որ երեկվա «ջիգիթներին» ուղարկեն առաջին գիծ: Թող այնտեղ աչքի ընկնեն իրենց մարտարվեստով ու հարձակողական պատրաստվածությամբ: Թե չէ Երևանի կենտրոնում, կաստում-գալուստիկով, ադիկալոնով-բանով պատված հարձակվում են կնոջ վրա ու իրենց տղամարդ զգում:

Թող Տարոն Մարգարյանի հետ «Ես եմ» ծրագրով մասնակցեն սահմանների պաշտպանությանը՝ կոյուղաջրի փոխարեն շնչելով վառոդի հոտը: Համոզված ենք, որ վառոդի հոտը շնչելուց հետո այդ «պարկետային տղամարդիկ» հաճույքով կուզենան ավագանու նիստում վայելել կոյուղաջրի հոտը և նույնիսկ խմել այն, քանզի վառոդի հոտից իրենք անմիջապես տակները կանեն ու շատ ավելի վատ գարշահոտություն կտարածեն:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը