Կարծիք

14.02.2018 11:51


Անտեր, հետևիցդ ման եկող, ուտելիք փնտրող շներ էստեղ չկան

Անտեր, հետևիցդ ման եկող, ուտելիք փնտրող շներ էստեղ չկան

Քրքրում էի սևագրություններս ու գտա «Գլենդելում»-ից մի հատված, որը վեպի մեջ չմտցրեցի: Կարոտեցի ու հիմա դրեցի:

…Հավի իմ բաժինը կերա, պրծա ու հավաքում եմ ոսկորները թղթե անձեռոցիկի մեջ, դնելով դրանք «Այքիա»-ից գնած մեր սեղանի եզրին: Արսենը աչքի պոչով հետևում է գործողություններիս` ինքն արդեն կերել, մարսել է իր բաժինը: Սպասումով նայում է երեսիս:

– Հը…- հարցնում եմ,- Ի՞նչը նենց չի:

– Տար զիբիլը թափի, ինչի՞ չես գցում,- իր հերթին զարմանում է նա:

– Զիբիլ չի, ոսկորներ են:

– Սո ուո՞թ:

– Դե….հայաթի շներին կտամ, թող ուտեն, ինչի՞ թափեմ:

Նա հանկարծ ասես միանգամից տարիքով հավասարվում է ինձ ու բերանը ծռելով, մեծահոգի փռթկում է,-

– Մեն, քմո՜ն, ստեղ ըտենց բաներ չկան, տար թափի:

– Ի՞նչ բաներ…

– Թափառող շներ-մներ: Ստեղ ամեն շուն տեր ունի, անտեր հայվաններ չկան, որ ոսկոր տաս:

Չկա՞ն…. մտքովս չէր անցնի: Ես ինձ հիմար վիճակում եմ զգում`դու մի ասա ռոմանտիկ գեղացի եմ, Ամերիկայի նիստուկացին անծանոթ, ի՞նչ իմանայի…

Հակաճառելու բան չունեմ`տանում, չուզելով գցում եմ դեռ տաք ոսկորները խոհանոցի լվացարանի տակի աղբաման-դույլի մեջ, լվանալով մատներս: Բայց քունքերս լսելի դմբդմբում են` ու՞ր եք, հավերժ քաղցած, Երևանի թափառական շներ, ձեր երկար ականջը կանչի` ի~նչ ախորժակով հիմա կխրթխրթացնեիք էս մի բուռ ոսկորը, որ սովորության համաձայն պահել էի ձեզ համար…

Ասես ինձ լրիվ ստորացնելու նպատակով, Արսենն ավելի հարմար է հենվում պլաստիկե մեջքով իր աթոռին ու մի կտոր թխվածք նետելով բերանը, փորը շփելով սկսում է պրոֆեսորի պես բարբաջել` նվաստիս խելք է սովորեցնում,-

– Յանի ըսենց չես կարա Ամերիկայում ապրես, իմանաս…

– Յանի ո՞նց` սենց:

– Էրևանի ձևով…Եթե ուզում ես ստեղ մի բանի հասնես` պտի մի վախտով մոռանաս Էրևանն էլ, անցյալդ էլ, ապրածդ էլ….քու համար եմ ասում` ես էդ սաղ բաների միջով հերթով անցել եմ, բլիվ մի, մեն` հերթով:

Կասեի էս ինքնահավան մեծախոս 5ahelin երկու բառ, կշպպացնեի երեսին մտածածս, բայց չգիտեմ ինչ մտածեմ` կարողացավ ինձ պատին դեմ տալ: Ու աչքիս` իրավացի է, ինձնից քանի տարի շուտ է եկել Լոս:

Հավի ոսկորներից ուր հասանք…. հասանք մի երկիր, ուր թափառական շներ չկան: Փողոցներում, ամենուրեք հայտարարություններ են փակցված սյուներին` կորած կամ փախցրած ընտանի կենդանիների լուսանկարներով և դրամական կարգին պարգևների խոստումներով: Բայց անտեր, հետևիցդ ման եկող, ուտելիք փնտրող ու ջրափոսերից ջուր լակող, միշտ քորվող շներ էստեղ, փաստորեն, չկան: Էստեղ մարդիկ են թափառողները` լավ կյանքի անվերջանալի որոնումների մեջ: Որոնցից մեկն էլ հիմա ես եմ` նախկին ու դեռևս ներկա երևանցիս, կիթառ չունեցող երգահան Ռոբերտ Բորյանս: Հա, Ռոբերթն էստեղ գրվում ու արտասանվում է «թ»-ով, անգլերենում «տ» չկա, դա չմոռանանք…

Քրիստ Մանարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը