Մեկնաբանություն

14.02.2018 00:05


Ցանում ես ընտրակաշառք, կհնձես կեղտաջուր

Ցանում ես ընտրակաշառք, կհնձես կեղտաջուր

Թեև քաղաքագիտությունը չի համարվում ճշգրիտ գիտություն, այդուհանդերձ կան քաղաքագիտական օրինաչափություններ, որոնք արձանագրվում են բոլոր ժամանակներում և բոլոր պետություններում: Քաղաքագիտական օրինաչափությունները գործում են մաթեմատիկական ճշգրտությամբ:

Քաղաքականության մեջ գործում են բնության՝ ֆիզիկայի օրենքները. ուժը ծնում է հակաուժ, էներգիան ոչ թե կորում է, այլ պահպանվում, վակուումն, ի վերջո, լցվում է և այլն:

Հայաստանում քաղաքական կյանքը սպանվել է 10.000 դրամի ու ծախու ընդդիմության միջոցով: Քաղաքական կյանքն ապաքաղաքականացվել է:

Իշխանություններին թվում է, թե իրենք ապաքաղաքականացման միջոցով հավերժ լուծել են անդարդ կառավարելու և թալանելու հարցը: Սակայն դա միայն իրենց է թվում:

Քաղաքական դաշտում առաջացած վակուումը, միևնույն է, լցվելու է, բողոքի էներգիան փոխակերպված ձևով դուրս է ժայթքելու, գերկենտրոնացման ձգտող ուժի դեմ անսպասելի ուժ է հայտնվելու և ով ինչ ցանել է, այն էլ հնձելու է: Սվիններով կարելի է իշխանություն վերցնել, բայց սվինների վրա նստած իշխելը բարդ է, եթե չասենք՝ անհնար:

Երևանի ավագանիում տեղի ունեցածը քաղաքական կյանքի ապաքաղաքականացման ուղղակի հետևանք է:

Երբ երկրի խորհրդարանում հայտնված ընդդիմադիր ուժը ՀՀԿ-ից ավելի մեծ էնտուզիազմով է պաշտպանում կեղծված ընտրությունների արդյունքները, ապա բնական է, որ այլ տեղերում (տվյալ դեպքում՝ քաղաքապետարանում) պետք է կոյուղաջրեր թափվեն. դա հիվանդ հասարակական օրգանիզմի բնական ռեակցիան է: Հետևաբար՝ զարմանալի չէ, որ ապաքաղաքականացման գործընթացները պետք է տոքսիկ հեղուկների արտանետում ապահովեն:

Մի կողմ թողնենք արձանագրված խուլիգանության (կնոջը հարվածել, մազերից քաշել, սեռական բնույթի ոտնձգություն իրականացնել, քաշքշել և այլն) բարոյաէթիկական ու իրավական կողմերը: Հարցը շատ ավելի լուրջ է:

Երբ 10.000-դրամանոց ընտրություններ են անցկացվում համապետական ու տեղական մակարդակով, ապա պետք է պատրաստ լինել, որ Երևանի ավագանու նիստին գարշահոտ հեղուկ են բերելու և թափեն քաղաքապետի դիմաց: Ընտրակաշառք ցանողը պետք է կոյուղաջուր հնձի. դա բնության օրենք է:

Այնպես, ինչպես քաղաքական կյանքը 2015-ին սպանելով ստացան ապրիլյան քառօրյա պատերազմ Ղարաբաղում ու «Սասնա ծռեր»՝ Երևանի կենտրոնում, այնպես էլ մի ողջ խորհրդարան գրպանային դարձնելով՝ ստանալու են ոչ ստանդարտ երևույթներ այլ հարթակներում:

10.000 դրամ ընտրակաշառք վերցնողն անգամ պահանջում է ներկա վիճակի փոփոխություն (չվերցնողների պահանջի մասին չենք էլ խոսում): Ու քանի որ պահանջում է թեկուզ սեփական տան խոհանոցում, այդ պահանջը վաղ թե ուշ այս կամ այն սուբյեկտի կողմից փորձ է արվելու բավարարել: Մեթոդներն ու ձևերն արդեն ըստ ճաշակի և մտավոր ունակության են լինելու:

Խաղի քաղաքակիրթ կանոններից կարելի է խոսել, բայց դրանք կլինեն միայն իրավիճակին ոչ համարժեք խոսքեր: Կարելի է որքան ասես խոսել այն մասին, որ «Երկիր Ծիրանին» փորձում է արհեստական լարվածություն ստեղծել և էպոտաժ անել, բայց դրանից բան չի փոխվի:

Հայաստանը արյունաքամվում և դատարկվում է այս քյաբաբային տնտեսաքաղաքական վերնախավի ձեռքում: Ու որքան էլ խլացնեն ամեն ինչ, որքան էլ խորհրդարանը վերածեն ախոռի, որքան էլ նախագահի աթոռին բազմեցնեն ժպտացող տիկնիկի, որքան էլ ընտրությունները դարձնեն մարմնի ու հոգու վաճառքի սակարկություն, միևնույն է մի օր մի տեղ մի բան պայթելու է:

Դժվար չէ պատկերացնել, թե ինչեր են սպասվում ապրիլից հետո, երբ կմեկնարկի «ՀՀ վարչապետ 2018-2040» ծրագիրը:

Մեկ բան ակնհայտ է, քաղաքական դաշտում առկա վակուումը պետք է լցվի: Ու որքան շուտ այն լցվի ու որքան գործընթացն ունենա քաղաքական բովանդակություն, այնքան լավ բոլորի, առաջին հերթին՝ ՀՀ անվտանգության համար:

Եթե վակուումը ներսից չլցվեց, ապա այն կլցնի Ալիևը՝ իր ռազմական ներկայությամբ: Դա ֆիզիկայի օրենք է:

Այնպես որ մենք դեռ տարբերակի ընտրության հնարավորություն ունենք: Հապաղելը շատ թանկ է արժենալու:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը