Մեկնաբանություն

13.02.2018 09:05


Ժանրի ճգնաժամ, դերասանների դեֆիցիտ

Ժանրի ճգնաժամ, դերասանների դեֆիցիտ

Կար մի ժամանակ, երբ քաղաքական դաշտի հաճախորդները բարձր մակարդակ էին ապահովում: Նրանք սրտից թույլ ու դյուրահավատ հանդիսատեսից արցունք էին քամում, էմոցիա խլում և կրքեր բորբոքում:

Հիմա կոպիտ դար է, կոպիտ բարքեր և անտաղանդ դերասանների ցուցահանդես-վաճառք: Ժանրը, ինչպես ասում են, ճգնաժամի մեջ է: Դա է պատճառը, որ փոխվել է մեխանիզմը. հիմա իշխանության ներսի մարդիկ են փորձում արցունք քամել, էմոցիա խլել ու կրքեր բորբոքել (1. ժիլետով և թմբուկներով վարչապետ աշխատած Կարեն Կարապետյան, 2. արքայազն Չարլզի հետ լուսանկարված, Անգլիայի թագուհուն մոտիկից տեսած, Սերժ Սարգսյանից նախագահ աշխատելու առաջարկ ստացած և միանձնյա 4-րդ հանրապետություն հռչակած Արմեն Սարգսյան), բայց առաջվա էքսպրեսիան չկա:

Հանրությունն այժմ ստիպված է բավարարվել եղածով: Իշխանությունն էլ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հիմա քաղաքական գլխավոր օրակարգը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը թույլ չտալն է և իրենք աշխատելու են այդ ուղղությամբ:

Նա նաև ասել է, որ դեռ սահմանադրական փոփոխությունների ժամանակ էլ պարզ էր, որ դրանք արվում են ոչ թե բարեփոխումների, այլ իշխանության պահպանության համար:

Փաշինյանի ասածները բառացի չեն մեջբերվել, բայց միտքը դա էր:

Ուշագրավն այս «թունդ ընդդիմադիր» ձևակերպումների մեջ այն է, որ դրանց հեղինակը սահմանադրական փոփոխություններ թույլ չտալը համարում էր կեղծ օրակարգ և այն ժամանակ չէր նկատում, որ վերարտադրության խնդիր է լուծվում, ու եթե ուզում ես դա թույլ չտալ, ապա պետք է վերարտադրության հիմքի՝ սահմանադարական փոփոխությունների դեմ պայքարել, այլ ոչ թե դա անել հիմա, երբ վերարտադրվողի համար խնդիրներ չկան:

Իրականում վերարտադրության հիմքերի ստեղծման գործընթացը բաղկացած էր երեք փուլից՝

1) թույլ չտալ սահմանադրական փոփոխությունների դեմ քաղաքական համախմբում և փոշիացնել դիմադրության կենտրոնը,

2) անցկացնել սահմանադրական հանրաքվեն և կեղծիքների միջոցով «խփել» անհրաժեշտ տոկոսները,

3) խորհրդարանական ընտրությունների ժամանակ «ռեյտինգային ջիգիթների» բաժանած փողերի միջոցով «խփել» անհրաժեշտ տոկոսները:

Այս երեք փուլերում էլ «Ելք» դաշինքն ամբողջությամբ կամ առանձին վերցրած աշխատել է ՀՀԿ-ի ու նրա ղեկավարի օգտին:

1-ին փուլում (մինչև 2015թ. փետրվար) Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և էլի մի քանիսն աշխատել են որպես իշխանության իրական ընդդիմախոսների ընդդիմություն՝ գեղամյանական ֆունկցիա կատարելով:

2-րդ փուլում (մինչև 2015թ. դեկտեմբերի 6) կա՛մ կողմ են արտահայտվել սահմանադարական փոփոխություններին՝ այդ ընթացքում մասնակցելով «սահմանադրական ֆոտոսեսիաներին» (Էդմոն Մարուքյան և մյուսներ), կա՛մ կեղծ օրակարգ են համարել սահմանադարական փոփոխությունների դեմ պայքարը ու պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարողների դեմ (Նիկոլ Փաշինյան և մյուսներ), կա՛մ խոսել են սահմանադրական փոփոխությունների ոչ ճիշտ լինելուց, բայց որևէ քայլի չեն դիմել ու տանն են մնացել (Արամ Սարգսյան և մյուսներ):

3-րդ փուլում (մինչև 2017թ. ապրիլի 2 ու դրանից հետո) խրախուսական մանդատներ ստացած «Ելք» դաշինքը ՀՀԿ-ից ավելի բարձր էր գոռում 10.000-դրամանոց խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության մասին ու ավելի էնտուզիազմով հայտարարում, որ ՀՀԿ-ն հաղթել է: Մինչև այդ «Ելք»-ը դեմ էր ընդդիմադիր ուժերի միավորմանը և արհեստական պատճառաբանություններով ամեն ինչ անում էր առանձին հանդես գալու նպատակով, քանզի ինչպես «Ելք»-ականներից մեկն էր անկեղծորեն խոստովանել իրենց տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ «Ելք»-ին իշխանությունները այլ ուժերի հետ չմիավորման դեպքում խոստացել էին տեղեր ապահովել ԱԺ-ում, և ինչպես հետագայում երևաց՝ պահեցին իրենց խոստումը:

Այսքանից հետո հայտարարել, թե բա մեր օրակարգում Սերժ Սարգսյանի վարչապետությանը խոչընդոտելու հարցն է, առնվազն ծիծաղելի է: Ինչպես Ստանիսլավսկին կասեր՝ չե՛մ հավատում:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը