Աշխարհ

12.02.2018 22:22


Քրդերն Աֆրինում Թուրքիայի ԶՈւ Bayraktar հարվածային ԱԹՍ են խոցել (տեսանյութ)

Քրդերն Աֆրինում Թուրքիայի ԶՈւ Bayraktar հարվածային ԱԹՍ են խոցել (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 12-ին, Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) հրապարակել են թուրքական Bayraktar տեսակի անօդաչու բեկորների լուսանկար՝ նշելով, որ խոցել են այդ անօդաչուի հարվածային տարբերակներից:

Անօդաչու թռչող սարքի բեկորների ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ խոսքն իրոք Թուրքիայի ԶՈւ, թուրքական արտադրության Bayraktar TB2 սարքի մասին է:

2017 թ. նոյեմբերին Թուրքիայի պաշտպանույան նախարարը խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հայտնել էր, որ թուրքական զինուժում այդ ժամանակվա դրությամբ կար 38 միավոր Bayraktar, այդ թվում 15-ը՝ հարվածային: Հետագայում Թուրքիայի զինուժին այս տեսակի ԱԹՍ-ների նոր խմբաքանակի մատակարարման վերաբերյալ տվյալներ չեն հայտնվել: Այսինքն Աֆրինում քրդական ուժերը խոցել են Թուրքիայի ԶՈւ՝ արդեն իսկ սահմանափակ քանակությամբ հարվածային ԱԹՍ-ներից մեկը:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին էլ քրդական ուժերը խոցել էին Թուրքիայի ԶՈւ T-129 Atak հարվածային ուղղաթիռ: Այդ ուղղաթիռներից էլ թուրքական զինուժը 2017 թ. դեկտեմբերի դրությամբ ընդամենը 27 միավոր էր ստացել: Բացի այս քրդերն արդեն խոցել են Թուրքիայի ԶՈւ մի քանի տանկ, այլ զրահատեխնիկա:

«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․

  • Գործողության շառավիղը՝ 150 կմ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
  • Թևերի բացվածքը՝ 12 մ,
  • Երկարությունը 6,5 մետր,
  • Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։

Անօդաչուի հարվածային տարբերակը կրում է 2 միավոր UMTAS հրթիռ: Հրթիռն ուղղորդվում է լազերային ճառագայթով, խոցման առավելագույն հեռահարությունը 8000 մետր է, նվազագույնը՝ 500, տրամաչափը՝ 160 մմ, երկարությունը՝ 1800 մմ, զանգվածը 37,5 կգ է։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը