Քաղաքական

12.02.2018 17:14


Սերժ Սարգսյան․ ԼՂ խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն, երբ Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական ակնկալիքներից

Սերժ Սարգսյան․ ԼՂ խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն, երբ Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական ակնկալիքներից

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է հանգուցալուծվել միայն մեկ պարագայում, երբ Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական ու անիրատեսական ակնկալիքներից: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևիհետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառներին՝ նա նշել է, որ տեղյակ են այդ երկրի ղեկավարը և մի քանի անհատներ, և դա մեր մեկնաբանելու խնդիրը չէ․

-Բայց չեմ հավատում, որ հանկարծ Ադրբեջանում անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու: Նախկինում՝ նախորդ տարիներին Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին: Անկախ նրանից Ադրբեջանում նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ կլինեն, դրանք կլինեն արտահերթ, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների առումով: Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների մեջ և զառանցել Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել: Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների ներքո բանակցություններն ինտենսիվացնել, լարվածությունը թուլացնել և հասնել խնդրի լուծմանը: Բայց, ցավոք, մեր ասածները դեռևս մնում են ցանկություններ:

Ինչ վերաբերում է հարցին, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ են աղավաղվում ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ տարբեր երկրների, այդ թվում՝ Բուլղարիայի մոտեցումները, նա նշել է․

-Ես պարոն նախագահ Ռադևին շնորհակալություն եմ հայտնել Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Բուլղարիան բոլոր ատյաններում միշտ սատարել է ԵՄ դիրքորոշմանը և միշտ կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչը ընդհանուր քաղաքականության շրջանակներում է: Ես հասկանում եմ, թե ինչու է Ձեզ մոտ այսպիսի հարց առաջացել և կարծում եմ՝ պատճառն այն է, որ նախորդ տարվա աշնանը, երբ պարոն նախագահն Ադրբեջանում էր, Ադրբեջանի նախագահը, իբր, շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դիրքորոշման համար, բայց ես գիտակցում եմ, որ դա պրովոկացիա է: Իրականության մեջ դա պրովոկացիա է, իսկ մենք սադրանքների չենք ենթարկվում: Մենք վստահում ենք մեր բարեկամներին և գիտենք նրանց իրական դիրքորոշումը: Ես շատ լավ հասկանում եմ նաև այն հանգամանքը, թե ինչպես ստացվեց, որ Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում էր ընդամենը մեկ սկզբունքի մասին: Դրանք ժամանակավոր երևույթներ են և պետության դիրքորոշման մասին չեն խոսում:

Ցանկացած երկրի որևէ պաշտոնյա կարող է տարբեր հայտարարություններ անել Ադրբեջանի որևէ պաշտոնյայի հետ, բայց մենք պիտի տեսնենք՝ ընդհանրապես այդ երկրի Սահմանադրությամբ, օրենքներով ով իրավունք ունի հայտարարելու, ով ինչպես կարող է մոտենալ խնդրին: Բայց այս հարցով մենք ունենք արդեն շատ մեծ ձեռքբերում. 2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթղթում կան շատ հստակ ձևակերպումներ և լուծման տեսլականներ: ԵՄ անդամ երկրները վավերացնելու են այդ համաձայնագիրը, իսկ սա նշանակում է, որ ԵՄ անդամ երկրներում այս փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Շնորհակալ եմ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը