Աշխարհ

12.02.2018 10:30


Բաքվում սողանքային գոտում չորս տուն է փլուզվել

Բաքվում սողանքային գոտում չորս տուն է փլուզվել

Չորս տուն է ամբողջությամբ փլուզվել Բայիլ ավանում՝ Բաքվի հեռուստաաշտարակից ոչ հեռու, տեղի ունեցած սողանքի հետևանքով: Տուժածներ չկան:

«Երկու շաբաթ առաջ այս տարածքում բոլոր տներն ազատվել են: Այդ տարածքում ոչ ոք չի բնակվում»,-ԱՊԱ գործակալությանը հաղորդել է արտակարգ իրավիճակներիշրջանային հանձնաժողովի նախագահ Աբիդ Ալիևը:

Սակայն այդ միջադեպը սողանքի գոտում գտնվող հարևան տների բնակիչների համար հուզվելու առիթ է դարձել: «Մարդիկ տագնապի մեջ են: Նրանց դեռևս չեն վերաբնակեցնում և անվտանգ բնակարան վարձակալելու համար փոխհատուցում չեն տրամադրում: Առաջարկում են ժամանակավորապես, մինչև վերջնական որոշում կայացնելը, տեղափոխվել համար 163 դպրոցի շենք»,-գրում է լրագրող Ռամին Դեկոն իր ֆեյսբուքյան էջում:

Սաբայիլի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովն այցելել է սողանքի գոտու տարածք և հանդիպել տեղի բնակիչների հետ:

«Բայիլի սողանքային գոտում իրավիճակը լուրջ է, ներկա պահին տարածքում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում»,-ասել է Ազիզովը:

Գործադիր իշխանության ղեկավարը հավելել է, որ հաջորդ շաբաթվա սկզբից բնակիչներին վարձով բնակարան տեղափոխվելու համար գումար կտրամադրվի: Բնակիչներին, որոնք ժամանակավոր բնակության վայր չունեն, միջնակարգ դպրոցում տեղ է հատկացվել: Նրանք օրական երեք անգամ տաք սննդով են ապահովվում:

2017թ-ի վերջին երկրաբանները Բայիլյան լանջին հայտնաբերել են, որ հեռուստաաշտարակից 250-300մ հեռավորության վրա հողի ուղղահայաց ճաքեր են առաջացել: Դրանց լայնությունն սկսել է ավելանալ, մինչև որ ռիսկի գոտում են հայտնվել տեղի բնակիչների տները: Ստեղծված սպառնալիքի հետևանքով 80 ընտանիք (390 մարդ) է տարհանվել:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը