Քաղաքական

09.02.2018 16:44


Համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց հանդիպումների արդյունքները

Համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց հանդիպումների արդյունքները

Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 9-ին, ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Համանախագահները Սերժ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները:

Սարգսյանը, համանախագահների ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, նշել է, որ դրանք եւս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից, ինչպես նաեւ ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին։

Հանդիպման մասնակիցները կարեւորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաեւ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։

Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Այս խորագրի վերջին նյութերը