Մեկնաբանություն

09.02.2018 00:05


Օրենք ՀՀ նախագահի մասին

Օրենք ՀՀ նախագահի մասին

Հոդված 1․ ՀՀ նախագահը պետության գլուխն է: Եթե նա գլուխը կորցնի կամ լուրջ ընդունի իր «գլխությունը», ապա տե՛ս հաջորդ հոդվածները:

Հոդված 2․ Վերջին 6 (կամ մի քիչ պակաս) տարում ՀՀ-ում մշտապես բնակված անձին ուղիղ եթերում ՀՀ նախագահ է նշանակում Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ի միաձայն հավանությամբ ու նախագահի թեկնածուի՝ անսպասելի սպասված առաջարկից զարմացած աչքերի առկայությամբ (նախագահ նշանակվելուն պես տվյալ անձն իր աշխատասենյակում կախում է Սերժ Սարգսյանի, Անգլիայի թագուհու, նրա որդու և Կլոդ Մոնեի նկարները, մյուս պաշտոնյաները (ներառյալ վարչապետը)՝ միայն Սերժ Սարգսյանի նկարը):

Նախագահի կինը իրավունքի ուժով չի համարվում առաջին տիկին: Եթե դա դուր չի գալիս նախագահին, ապա նա դիմում է ՍԴ՝ հարցի պարզաբանման նպատակով: ՍԴ-ն պարզաբանում է հարցը և թեման համարում փակված, իսկ նախագահի երգը՝ երգված (ՀՀ մշակույթի նախարարությունը նպաստում է «Նե բիվայետ ստռանի բեզ պեռվոյ լեդի» երգի մասսայականացմանը):

Հոդված 3․ Եթե նախագահի թեկնածուն չեմուչում է անում, ձևեր թափում ու խաղեր տալիս՝ հայտարերելով, թե Սերժ Սարգսյանի առաջարկի շուրջ կմտածի ներգնա ու արտագնա տուրիստական այցերից հետո միայն, ապա նա նախագահ է դառնում վարչապետի հրամանագրով կամ իրավունքի ուժով:

Նախագահի թեկնածուն կարող է դիմել ՍԴ իր՝ նախագահ չդառնալու ցանկության սահմանադրականությունը պաշտպանելու հայցով: ՍԴ-ն իր անդամների 1/5-ով մերժում է թեկնածուի հայցը և վերջինս ուզած-չուզած նախագահ է դառնում ՍԴ որոշմամբ:

Հոդված 4․ ՀՀ նախագահն իրավունք ունի՝

Ա. անվերջ և անդադար պատմել իր ու Վազգեն Սարգսյանի ջերմ հարաբերությունների մասին,

Բ. անվերջ, անդադար, առիթ և անառիթ ժպտալ,

Գ. պարբերաբար ցույց տալ իր նկարները արքայազնի, թագուհու և այլ երևելի անձանց հետ,

Դ. պաշտոնավարումից առաջ, պաշտոնավարման ժամանակ և, առավել ևս, պաշտոնավարումից հետո ավելի շատ լինել արտերկրում (օրինակ՝ Լոնդոնում), քան Հայաստանում,

Ե. վարչապետի թույլտվությամբ ընդունել և ճանապարհել այլ երկրների դեսպաններին ու լուսանկարվել նրանց հետ,

Զ. ունենալ լավ վերանորոգված գրասենյակ Երևանի թանկանոց հատվածում, ասենք՝ Մատենադարանի մոտ:

Հոդված 5․ ՀՀ նախագահին արգելված է՝

Ա. օգտագործել «քաղաքականություն» բառը,

Բ. խոսել Հայաստանի առարկայական խնդիրներից ու հայտնել տեսակետ,

Գ. խաղեր տալ ԱԺ-ի հետ,

Դ. չստորագրել վարչապետի գրասենյակից եկած որևէ փաստաթուղթ,

Ե. մասնակցել ՀՀ անվտանգության խորհրդի նիստերին, ծպտուն հանել վարչապետի գործունեության մասին, գնահատական տալ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ և հետաքրքրվել պետության ներքին ու արտաքին խնդիրներով,

Զ. նյարդայնանալ իր կարգավիճակից:

Հոդված 6․ ՀՀ նախագահին ուղիղ եթերում աշխատանքից ազատում է Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ի միաձայն հավանությամբ ու նախագահի՝ իր ազատման մասին սպասելի չսպասված լուրից ծառս եղած հայացքի առկայությամբ:

Հոդված 7․ ՀՀ նախագահն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո կարող է հետապնդվել իր չունեցած լիազորություններից օգտվելու և չկատարած քայլերի համար:

. . .

Ինչպես ինքներդ եք տեսնում, բարեփոխված Սահմանադրությամբ ահագին լիազորություններ են անցել նախագահին և տեղի է ունեցել իշխանության ապակենտրոնացում: Վարչապետը ստիպված է լինելու բոլոր գործերով ինքը զբաղվել, իսկ ահա նախագահն ահագին ազատ ժամանակ է ունենալու, ինչը ժողովրդավարության դրսևորում է: Դե իսկ խորհրդարանը դառնալու է այն մարմինը, որի գլխին է ջարդվելու այս ամենը:

«7 օրի» օրենսդրական բարեփոխումների ուսումնասիրման կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը