Լրահոս

06.02.2010 14:23


Սոս Գիմիշյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի շրջապատում քիչ չէին այնպիսի մարդիկ, ովքեր նախ և առաջ իրեն էին վարկաբեկում»

Սոս Գիմիշյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի շրջապատում քիչ չէին այնպիսի մարդիկ, ովքեր նախ և առաջ իրեն էին վարկաբեկում»

«Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը տարիների հեռվից գնահատելով Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ նախ հիշեցրել է, թե «Հայրենիք» պատգամավորական խումբ կար, որը Է. Եգորյանն էր գլխավորում. «Նախկին իշխանություն ՀՀՇ-ի անդամ լինելով՝ ՀՀՇ-ից հեռացված էինք և ընդդիմություն էինք»։

Ս. Գիմիշյանն ասել է, թե այն ժամանակ որպես ընդդիմություն երկու հիմնական խնդիր են հետապնդել.

-Որ իշխանությունն ավելի ճշգրիտ գործեր։ Այն խնդիրները, թերությունները, որոնք կային, շտկվեին. խոսքը կադրային քաղաքականության մասին էր։ Սա առաջին նպատակն էր։ Որպես ընդդիմություն՝ մենք նաև իշխանափոխության նպատակ էինք հետապնդում, որ ավելի լավ իշխանություն գար։

Չնայած դրան՝ Ս. Գիմիշյանն ասել է, թե իրենց համար շատ անսպասելի է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։

-Ցավոք, մեզ համար ամենաանընդունելին այն էր, որ նրա հրաժարականից հետո իշխանության եկան զավթիչները, կեղծ ընտրություններով ձևավորված իշխանությունը, որը բացարձակապես կապ չուներ ո՛չ ժողովրդի, ո՛չ երկրի, ո՛չ էլ ազգային շահերի հետ։ Ներքին պատերազմ տեղի ունեցավ՝ իշխանություն-ժողովուրդ։

«Այդ իշխանությունը մեզ համար առավել ևս անընդունելի էր, և մենք շարունակեցինք մնալ ընդդիմադիր,-նշել է Գիմիշյանն ու հավելել, թե  նոր եկած իշխանությունն իրենց առաջարկել է համագործակցել,-բայց մենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեցինք և այդ իշխանության հետ մեր հարաբերությունն այնքան էր, որ մենք արմատական ընդդիմություն էինք»։

-Շատ եմ ցավում, որ շատ վատ իշխանություն ձևավորվեց։ Կարելի էր հրաժարական չտալ, շտկել եղած թերությունները։ Խոսքը կադրային քաղաքականության մասին է, խոսքը ներքին քաղաքականության մասին է։

Սոս Գիմիշյանի խոսքերով՝ այն ժամանակվա Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատում քիչ չէին այնպիսի մարդիկ, ովքեր նախ և առաջ Լ. Տեր-Պետրոսյանին էին վարկաբեկում.

-Հետո էլ մեզ էին վարկաբեկում։ Բացարձակապես կապ չունեին ազգային իղձերի, ժողովրդի խնդիրների հետ։

«7օր»-ի հարցին, թե այդ մարդիկ ՀԱԿ-ում ներգրավված չե՞ն, Ս. Գիմիշյանը պատասխանել է.

-Այդ մարդկանց բացարձակ մեծամասնությունն այսօր էլ է իշխանություն։ Չեմ բացառում, որ նաև ՀԱԿ-ում էլ կան։ Այնպես չէ, որ մաքրագույն շրջապատ է ձևավորվել, ՀԱԿ-ում էլ կլինեն այդպիսի մարդիկ, բոլորին չեմ կարող բնորոշել, սակայն մեծ մասը շարունակեց մնալ իշխանություն, և ավելի ցայտուն են արտահայտում իրենց հատկանիշները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը