Մեկնաբանություն

08.02.2018 11:35


Ժիլետի և թմբուկի արանքում

Ժիլետի և թմբուկի արանքում

ԱԺ-ում երեկ տեղի ունեցած հարցուպատասխանից պարզ երևաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չունի նախկին էնտուզիազմը:

Նա չուզեցավ զբաղվել քաղաքականությամբ և տեղավորվեց բացառապես մենեջերի շրջանակում: Արդյունքում՝ Կարապետյանին ցույց տվեցին իր տեղը միկրոավտոբուսում՝ խցանումներից խուսափելու նպատակով:

Կարեն Կարապետյանը վարչապետ դարձավ «Սասնա ծռեր»-ի գործողության արդյունքում: Նրան վարչապետ նշանակեցին՝ ցույց տալու համար, որ իշխանությունը իբր գնում է վերևից բարեփոխումների ճանապարհով: Իրականում բերեցին ոչ թե Կարապետյանին, այլ հեռացրեցին Հովիկ Աբրահամյանին, և ոչ թե վերևից բարեփոխում էին նախապատրաստում, այլ՝ 10.000-դրամանոց ընտրություն, որի անունը դրել էին «ռեյտինգային»:

Կարապետյանը մի պահ դարձավ «կինոյի մեջի տղեն» և ինքն էլ հավատաց այդ դերին: Նրան թվում էր, որ եթե էկզոտիկ փողկապներ կապի, ժիլետ հագնի ու թմբուկ նվագի ՀՀԿ նախընտրական տեսահոլովակում, ապա հայ ժողովրդի չոքերը կթուլանան և ինքը կդառնա դրության տերը:

Հայ ժողովրդի չոքերը չթուլացան, բայց որոշակի դրական սպասում Կարապետյանից, այնուամենայնիվ, կար: Սպասումն այդ ժամանակի ընթացքում վերածվեց անտարբերության ու հիասթափության, քանզի քաղաքականությունից վախենալն ու մենեջերի դերի մեջ մնալն այլ բանի չէր էլ կարող հանգեցնել:

Հիմա Կարեն Կարապետյանը, թերևս, հասկացել է, որ ընդամենն ուշադրություն շեղող և էմոցիա փախցնող դերակատարում է ունեցել: Մոտավորապես այնպիսին, ինչպիսին մի ժամանակ Գեղամյան Արտաշեսն ու մյուսներն էին ունեցել: Տարբերությունն այն է, որ նա իշխանության ներսի ընդդիմությունն էր ներկայանում, ավելի ճիշտ՝ տեղեկատվական դաշտում այդպես էր մատուցվում:

Այս փուլում Կարեն Կարապետյանին փոխարինելու է եկել Արմեն Սարգսյանը: Վերջինս նույնիսկ մենեջերի դերի էլ չի հավակնում: Բավարարվում է «համահայկական շրջագայությամբ»՝ համահայկական նախագահ ընկալվելու PR-ծրագրի շրջանակներում: Եվ ոչ մի բառ այն մասին, թե ինչն է իրեն ստիպելու ընդունել կամ չընդունել նախագահ աշխատելու սերժսարգսյանական առաջարկը, ու նաև ոչ մի բառ այն մասին, թե եթե ընդունի առաջարկը, ապա ի՞նչ առաքելություն է իրականացնելու անգամ փոքրիկ լիազորություններից օրենքով զրկվող նախագահի պաշտոնում:

Մի խոսքով, «ժիլետի թևի» պակաս չունենք քաղաքական կոչված դաշտում:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը