Աշխարհ

07.02.2018 18:39


Աֆրինում մնացած վերջին հայը. Ցեղասպանությունը նորից գտավ մեզ

Աֆրինում մնացած վերջին հայը. Ցեղասպանությունը նորից գտավ մեզ

Սիրիայի Աֆրին քրդաբնակ քաղաքի վրա 19 օր շարունակվող թուրքական հարձակումը այնտեղ բնակվող վերջին հային՝ Հարութ Գևորգին հիշեցնում են ցեղասպանության ժամանակները: Այս մասին Գևորգն ասել է «Mezopotamya» լրատվական գործակալության հետ զրույցում:

61-ամյա Գևորգի ընտանիքը մազապուրծ է եղել Հայոց ցեղասպանությունից: Բռնագաղթվել է նախ Սիրիայի ներկայիս Ազազ շրջան, ապա՝ Աֆրին: 50 տարի առաջ Աֆրին եկած Գևորգը զբաղվում է հայերի շրջանում ժամանակին շատ տարածված մասնագիտություններից մեկով՝ երկաթագործությամբ: Դարբին Գևորգը, որն այժմ մի փոքրիկ մետաղագործական իրերի խանութ է աշխատեցնում, հերթով ցույց է տվել փողոցի վրայի հին խանութներն ու արհեստանոցները՝ մեկ առ մեկ հիշելով դրանց հեռացած հայ տերերին:

Գևորգը պատմել է, թե ինչպես են Հալեպում բնակվող մեծ թվով հայերի ստիպված եղել կրկին գաղթի ճանապարհը բռնել սիրիական պատերազմի հետևանքով:

Խոսելով իր ընտանիքի պատմության մասին՝ Գևորգը մասնավորապես ասել է. «Ես Այնթափի հայերից եմ: 1915-ին աքսորվել ենք այնտեղից: Ցեղասպանության ժամանակ եկանք Հալեպ, ավելի ուշ տեղափոխվեցինք Աֆրին: Ինձ հետ բազմաթիվ հայ ընտանիքներ կային: Նրանց մեծ մասը զոհվեց, մի մասն էլ պատերազմի հետևանքով արտագաղթեց: Աֆրինում միայն ես եմ մնացել: Այստեղ բնակվող մյուս բոլոր ժողովուրդների հետ հիմնվել ենք Աֆրինում ու այժմ միասին տեր ենք կանգնում մեր քաղաքին: Թուրքիան 100 տարի է, ինչ շարունակում է իր հարձակումները: Ինչպես այն ժամանակ էր կանանց ու երեխաներին սպանում, հիմա էլ նույն բանն է անում: Ցեղասպանությունը մի դար հետո կրկին գտավ մեզ»:

Աղբյուրի փոխանցմամբ վերջում Գևորգը հայերեն կոչով դիմել է միջազգային հանրությանը. «Մենք ներկայիս Թուրքիայում գտնվող մեր հայրենիքից բռնագաղթվեցինք: Եկանք այստեղ, հիմա էլ այստեղից են ուզում մեզ աքսորել: Մենք ցանկանում ենք, որ դադարեցվեն այս պատերազմն ու հարձակումները: Մեր կոչն ուղղված է աշխարհի բոլոր ժողովուրդներին»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը