Մեկնաբանություն

07.02.2018 17:40


Ով դատի, ով գնա «սանատորիա»

Ով դատի, ով գնա «սանատորիա»

Մի հայտնի հին անեկդոտ կա «գործ» անելու և սանատորիայում հայտնվելու մասին: Ըստ այդմ՝ մեկը «գործ» է անում, իսկ նրա փոխարեն ուրիշն է հայտնվում սանատորիայում:

ՀՀ ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ մի օրենք է ընդունել, ըստ որի մեր դատավորները, անեկդոտային պատմության պես, կարող են հայտնվել «սանատորիայում», այսինքն՝ պատասխան տալ մեկ ուրիշի որոշման համար:

Բանն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի» համաձայն՝ եթե ՄԻԵԴ-ն արձանագրի կոնվենցիայի խախտում, ապա տվյալ գործը քննած բոլոր դատավորները կպատժվեն՝ առաջին ատյանից մինչև Վճռաբեկ։ Այսինքն, ՄԻԵԴ-ի որոշումները, որով ճանաչվում է մարդու իրավունքի խախտում, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք են հանդիսանալու։

Ինչպես հայտնի է, մեզ մոտ դատարաններն անկախ չեն և գտնվում են Բ26-ի գրպանում (ապրիլից կհայտնվեն վարչապետի գրպանում, բայց հասցեն կմնա անփոփոխ՝ Բ26): Դատական համակարգում կան նաև կոռուպցիոն ռիսկեր, կամ պարզ ասած՝ կաշառքով դատական վճիռներ կայացնելու պրակտիկա:

Հայտնի է նաև, որ, մասնավորապես, քաղաքական դատավարությունների դեպքում ունենք «վերևից» թելադրանք. դատարանները դակում են այլ կառույցում կայացրած որոշումը՝ հընթացս խախտելով մարդու իրավունքները: Գործ ունենք «հեռախոսային արդարադատության» և քաղաքական ենթատեքստով որոշումների հետ: Այսինքն՝ դատարանները հրահանգ են կատարում (ասվածում համոզվելու համար բավական է հետևել, օրինակ, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ սարքած գործին ու դատավարությանը):

Հիմա իշխանությունները հրահանգ տալու պրակտիկայից, բնականաբար, չեն հրաժարվելու, բայց միևնույն ժամանակ օրենք են ընդունում, ըստ որի՝ եթե դատավորը կոնվենցիայից շեղումներ թույլ տա, ապա նրան պատժելու են:

Փաստորեն ստացվում է, որ դատավորները մի կողմից պատվեր են կատարելու, իսկ մյուս կողմից հայտնվելու են կարգապահական վարույթի տակ: Իրոք որ, ով դատի, ով գնա «սանատորիա»:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը