Մեկնաբանություն

06.02.2018 12:30


«Ո՛չ թանկացումներին, այո՛ թանկացնողներին»

«Ո՛չ թանկացումներին, այո՛ թանկացնողներին»

«Ելք» դաշինքի երեկվա միջոցառումը շատ ավելի վատ ստավեց, քան նախորդը: Մասնակիցներն ավելի քիչ էին, քանզի ասելիքն էր զրո:

Սակավամարդության պատճառը շատ պարզ է: Մարդիկ տեսնում ու զգում են, որ ընդդիմադիր համարվող դաշինքի այդ գործողությունները տեղավորվում են «Ո՛չ թանկացումներին, այո՛ թանկացնողներին» կարգախոսի ներքո:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում հայտնված ընդդիմադիր ուժը նույնիսկ ձևականորեն չի դնում իշխանափոխության հարց: Տպավորությունն այնպիսին է, որ «Ելք»-ն այդ բառից վախենում է՝ ինչպես սատանան խունկից: Որպես «ատմազկա» հայտարարում են, թե բա հենց ժողովուրդն ուզի, իրենք միայն դրանից հետո կանեն իշխանափոխություն, այսինքն՝ փաստացի հայտարարում են, որ ՀՀԿ-ն լեգիտիմ իշխանություն է, քանզի ժողովուրդը այդ ուժի փոխարինում չի ցանկանում: Թե ինչպես է կոչվում նման ընդդիմությունը, բնութագրել է դասականը՝ ժողգործիքի անունը հիշելիս:

Եթե ելնենք «Ելք»-ը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի առաջարկած պատճառահետևանքային բանաձևից, ապա ՀՀ քաղաքացիները գոհ են թանկացումներից և այդ իսկ պատճառով էլ չեն մասնակցում «Ելք»-ի միջոցառումներին: Բայց ՀՀ քաղաքացիները մազոխիստ չեն, որ գոհ լինեն թանկացումներից:

Քաղաքացին դժգոհ է թանկացումից, բայց միևնույն ժամանակ դժգոհ է ընդդիմություն կոչվածից, քանզի ակնհայտորեն երևում է, որ ԱԺ-ում հայտնված բոլոր ուժերը կողմ են եղել սահմանադրական փոփոխություններին ու աջակցել են այն իշխանության վերարտադրությանը, որի վարած քաղաքականությունը հանգեցրել է թանկացումների ու այլ բացասական երևույթների: Այս ամենը հաշվի առնելով՝ բնական է, որ մարդիկ չեն ցանկանում շոու-միջոցառումների մասնակից դառնալ:

«Ելք»-ը Հայաստանի քաղաքական կյանքի ապաքաղաքականացման մարմնավորումն է:

Զբաղվել քաղաքականությամբ՝ նշանակում է դնել իշխանության հարց և հանրային ու պետական կյանքի կազմակերպման ծրագրեր առաջարկել: Իշխող էլիտան պետք է մի բան առաջարկի, իսկ կոնտրէլիտան ներկայացնի այլընտրանքային ծրագիր: Իշխող էլիտան պետք է ձգտի պահել իշխանությունը, իսկ կոնտրէլիտան՝ գալ իշխանության:

Ժամանակակից երկրներում իշխանությունը պետք է 3 հիմնական ֆունկցիա կատարի՝

1. Պետության անվտանգության ապահովում իրականացնի,

2. Մարդու բնական իրավունքների պաշտպանությանը միտված օրենսդրական դաշտ ստեղծի և անկախ դատարանների միջոցով ապահովի օրենքի գերակայություն,

3. Վարի տնտեսության զարգացման քաղաքականություն՝ որպես մակրոտնտեսական խնդիր ունենալով ինֆլյացիայի տոկոսը և գործազրկության մակարդակը:

Ընդդիմությունն այս երեք ֆունկցիաներն իրականացնելու սեփական հայեցակարգը պետք է ներկայացնի հանրությանը և պայքարի իշխանության գալու համար:

Այս երեք ֆունկցիաներում էլ գործող իշխանությունը, մեղմ ասած, ձախողվել է: Անվտանգության ապահովման մակարդակը երևաց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանությունը կաղում է, իսկ արտագաղթն էլ տնտեսության վիճակի ամենավառ բնութագրերից է:

Ու չնայած այս ամենին՝ ՀՀԿ վերարտադրվում է: Սա ֆենոմեն է:

Հայաստանում իշխանությունն անայլընտրանք է դարձել քաղաքական դաշտի փոշիացման արդյունքում: Ապաքաղաքական «Ելք»-ն իր բոլոր քայլերով ամրապնդում է այդ անայլընտրանքայնությունը: Դա է պատճառը, որ լճացման գործընթացներ են սկսվել և քաղաքացին օտարվել է պետությունից:

Քաղաքական կյանքը մահացել է և դրա հետևանքով մեզ մոտ օրենսդրորեն իշխանության գերկենտրանացում է ապահովվում ապագա վարչապետի ձեռքում: Ահա՛ այսօրվա վիճակի իրական գնահատականը: Իսկ թե ինչերի կարող է բերել այս ապաքաղաքական մթնոլորտը, տեսանելի է անգամ ոչ մասնագիտական աչքի համար:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: «Ելք»-ի նախորդ հավաքից հետո հեղուկ վառելիքը 30 դրամով թանկացավ: Բենզինը 420-ից դարձավ 450 դրամ (մինչև այդ թանկացել էր 20 դրամով, ինչի դեմ էլ ուղղված էր դաշինքի երթը): Հիմա տեսնես ի՞նչ է սպասվում:

Հ.Գ.-2: «Ծառուկյան» դաշինքը քննադատում է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությունը:

Այս օրերին միայն ծույլը չի քննադատում կառավարությանը: Կա ինչպես օբյեկտիվ, այնպես էլ «պետպատվերով» քննադատություն: Եվ, ի դեպ, ապաքաղաքական Կարապետյանն ամեն ինչ արեց, որպեսզի արժանանա համակողմանի հարձակումների: Ժիլետով նկարվելն ու թմբուկ նվագելը լավ բան են, բայց քաղաքական կայնքի ձևին են վերաբերում, այլ ոչ թե բովանդակությանը:

Հետաքրքիր է, ապրիլից հետո նույն «Ծառուկյան» դաշինքը նույն շեշտադրումներով և տոնայնությամբ քննադատելո՞ւ է կառավարությանը կամ ընդհանրապես քննադատելո՞ւ է արդյոք: Հարցը հռետորական է:

Ասելս այն է, որ զուտ մարտավարական առումով արժե ներկայիս քննադատության դոզան թուլացնել, որպեսզի երկու ամսից կոնտրաստը «չզռռա»:

Այս խորագրի վերջին նյութերը