Մեկնաբանություն

05.02.2018 12:40


Երկու խոստում և մեկ խնդիր

Երկու խոստում և մեկ խնդիր

Որքան մոտենում է ապրիլը, այնքան ավելի շատ են դառնում այն իրավական փաստաթղթերը, որոնք հուշում են, որ վարչապետի աթոռը զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը: Շարմազանովների փոխարեն հիմա օրենսդրական նախաձեռնություններն են գոռում այն մասին, որ ՀՀԿ առաջնորդն անփոխարինելի է և միանձնյա կառավարելու ցանկություն ունի:

Այն, որ ՀՀԿ-ն կարող է միայնակ՝ նույնիսկ առանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի վարչապետ նշանակել, պարզ դարձավ նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքում: 10.000-դրամանոց քվեարկության միջոցով վարչապետ նշանակելու իրավունքն անցավ ՀՀԿ-ին: Դե իսկ ՀՀԿ ասելիս՝ այսօր հասկանում ենք Սերժ Սարգսյանին:

Հիմա երկու փոքր «տեխնիկական» հարց ու մեկ խնդիր է մնացել ապրիլյան սցենարն ամբողջությամբ կյանքի կոչելու համար:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելուց առաջ խոստացել էր չլինել վարչապետ, եթե անցում կատարվի խորհրդարանական կառավարման համակարգին: Անցումը, ինչպես հայտնի է, կատարվել է, բայց խոստումը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, հետևողականորեն մոռացվում է:

Գործող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ խորհրդարանական ընտրություններից առաջ, քարոզարշավի ժամանակ ու դրանից հետո մշտապես հայտարարել է, որ ապրիլից հետո մնալու է վարչապետի աթոռին: Ավելին՝ նա պարբերաբար հայտարարել է, որ կարճ ժամանակով չի զբաղեցրել վարչապետի աթոռն ու ցանկություն ունի մնալ, և որ բոլոր այն ՀՀԿ-ականները, ովքեր գտնում են, որ ապրիլից հետո վարչապետ պետք է դառնա Սերժ Սարգսյանը, ընդամենն արտահայտում են իրենց անձնական կարծիքը:

Կարեն Կարապետյանն ընտրությունների ժամանակ դարձել էր ՀՀԿ-ի քարոզչադեմքը, որի ժպտացող պատկերի ներքո «ռեյտինգային ջիգիթները» անողոքաբար փող էին բաժանում տեղերում ու «խփում» անհրաժեշտ տոկոսները: Այսինքն՝ Կարեն Կարապետյանը դարձավ ընտրակեղծիքները լեգիտիմացնող սուբյեկտ կամ էլ՝ ընտրակեղծիքներից հանրային ուշադրությունը շեղող գործիք:

Եթե ՀՀԿ-ին անկեղծ ձայն տվող էլ եղել է, ապա դա արել է այն մտքով, որ ապագա իշխանությունը Կարեն Կարապետյանի դեմքով է լինելու: Այդ մարդկանց, փաստորեն, խաբել են:

Ըստ էության՝ Կարապետյանի վարքագիծը քարոզարշավի ժամանակ ոչ պակաս ընտրակեղծիք է իր մեջ պարունակել, քան փողաբաժանոցին: Կարապետյանը փողի փոխարեն խոստում է բաժանել: Խոստում՝ փոխել աշխարհն ու ՀՀԿ-ն: Իսկ թե ինչը և ում են փոխելու ապրիլից, գիտեն բոլորը:

Ապրիլին ընդառաջ, փաստորեն, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը մեկ խնդիր ունեն՝ ինչպես հետ կանգնել խոստումից: Խոսքը հետ կանգնելու փաթեթավորման մասին է: Ձևը, թերևս, կգտնեն այնպես, ինչպես Եռաբլուր այցելելիս էին գտել:

Ինչպես հայտնի է, կառավարության անդամները բանակի տոնի օրը միկրոավտոբուսով էին ժամանել Եռաբլուր: Ս. Սագսյանի մամլո խոսնակը դա հիմնավորեց խցանումներից խուսափելու նպատակահարմարությամբ: Այսինքն՝ ստացվում է, որ ներկայիս վարչապետը փոխվարչապետից ու նախարարներից առանձնապես չի տարբերվում և խցանում չառաջացնելու համար ոչ թե պետք է սեփական ավտոմեքենայով (շարասյունով) ու թիկնապահներով հասնի Եռաբլուր (ինչպես որ դա արեց Սերժ Սարգսյանը), այլ միկրոավտոբուսով: Թե ինչ է դա նշանակում առկա իշխանական բարքերի ու հարաբերությունների համատեքստում, բացատրելու կարիք չկա:

Ապրիլին, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի, որ Կարեն Կարապետյանը չի մնալու վարչապետի աթոռին՝ խցանումներ չառաջացնելու նպատակով: Կողմերից մեկը կլինի գոհ և երջանիկ: Մյուս կողմը կբավարարվի խցանումներ չառաջացնելու առաքելությամբ: Եվ վերջ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը