Լրահոս

05.02.2010 18:04


Հայաստանի երիտասարդությունը և հայ-թուրքական արձանագրությունները

Հայաստանի երիտասարդությունը և հայ-թուրքական արձանագրությունները

Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը (ՔԱՆ) շարունակում է Հայաստանի Հանրապետությանը եւ ողջ հայությանը հուզող հիմնահարցերի վերաբերյալ քննարկումների շարքը: Դրանք առնչվում են ինչպես  մեր ժողովրդի հատվածային գոյության խնդիրներին, այնպես էլ ՀՀ եւ ԼՂՀ անկախ պետությունների ամրապնդման քաղաքական, սոցիալական, տնտեսական, հոգեւոր, բարոյական եւ այլ կարգի մարտահրավերներին:

2009թ.-ին Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի հետ □ֆուտբոլային□, իսկ ավելի ճիշտ «գիշերային» կամ «գաղտագողի» դիվանագիտության արդյունքում կնքված հայտնի արձանագրությունները դարձան հանրային լայն քննարկման առարկա միայն դրանց նախաստորագրումից հետո, երբ Հայաստանի հասարակությանը եւ աշխարհով մեկ սփռված ամբողջ հայությանն արդեն կանգնեցրել էին փաստի առջեւ:  

Այսօր էլ գերազանցապես իշխանությունների եւ կամ այս արձանագրություններին գրեթե ամբողջապես հավանություն տված ՀԱԿ-ի վերահսկողության ներքո գտնվող ԶԼՄ-ները խիստ սահմանափակ կերպով են լուսաբանում ազգային շահերը ոտնահարող, նախապայմաններ պարունակող այս փաստաթղթերի եւ քաղաքական գործընթացի դեմ հնչող փաստարկներն ու հիմնավորումները: Չի ներկայացվում նաեւ, թե ինչպիսի վերաբերմունք կա այս ամենի հանդեպ Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդության շրջանում:

Այսօր տեղի ունեցած' «Հայաստանի երիտասարդությունն ու հայ-թուրքական արձանագրությունները» հանրային քննարկման ընթացքում ներկայացվեցին այն քաղաքական կուսակցությունների երիտասարդական կառույցների տեսակետները, որոնք դեմ են հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը ցանկացած ձեւով' լինի դա վերապահումներով, թե առանց դրանց: Քննարկման ընթացքում «Հայ-թուրքական հարաբերություններ. հնարավոր զարգացումներ եւ հետեւանքներ» վերնագրված զեկույցով հանդես եկան ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական-ուսանողական միության ատենապետ Գագիկ Մելիքյանը, ապա «Հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների խորապատկերին» զեկույցով իր տեսակետները ներկայացրեց  «Ժառանգություն» կուսակցության  «Հայք» ուսանողական-երիտասարդական միության համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը: Քննարկմանը մասնակցում էին մի շարք քաղաքական կուսակցությունների երիտասարդական կառույցների, ինչպեսեւ հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Ելույթներից հետո բանախոսներին հարցեր ուղղվեցին հայ-թուրքական արձանագրությունների ձեւավորման եւ վավերացման գործընթացում Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ: Դանիել Իոաննիսյանի կարծիքով' Ռուսաստանի քաղաքականությունը բավականին անկայուն է եւ անկանխատեսելի, սակայն ամեն դեպքում ներկա պահին արձանագրությունների վավերացումը բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ դրա արդյունքում կբացվի հայ-թուրքական սահմանը, ինչն իր հերթին էապես կնվազեցնի Վրաստանի' որպես տարանցիկ երկրի, դիրքերը, ինչպեսեւ կմեծանան Գյումրիի ռուսական ռազմակայանի մատակարարման հնարավորությունները:

Հարցին, թե արդյոք Թուրքիան կվավերացնի՞ այս արձանագրությունները, եւ եթե այո, ապա երբ կանի դա, ՍԴՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Գագիկ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան դա կանի ապրիլի 24-ից հետո:

Բանախոսներին հարց տրվեց նաեւ, թե իրենց կառույցները գործնական ի՞նչ քայլեր են նախանշում իրականացնել այս արձանագրությունների վավերացումը կանխելու ուղղությամբ: Երիտասարդ կուսակցականները նախ նշեցին, որ իշխանությունների ուղղորդած միակողմանի քարոզչության արդյունքում հասարակության մի ստվար հատված մոլորության մեջ է' կարծելով, որ արձանագրությունները չվավերացնել պահանջողները դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանի բացմանը: Երիտասարդները նշեցին, որ իրենց հնարավորությունների սահմաններում շարունակելու են ակտիվ քարոզչական աշխատանքներ տանել' քաղաքացիներին հասցնելու համար իրենց կուսակցությունների դիրքորոշումն առ այն, որ անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել Անկարայի թելադրած նախապայմանների ընդունման ճանապարհով:

Ամփոփելով քննարկումը' ՔԱՆ երիտասարդության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ, քննարկումը վարող Դավիթ Սանասարյանը նշեց, որ այս արձանագրությունների վավերացումը Թուրքիայի կողմից ամեն դեպքում կիրականացվի, քանի որ այն նախեւառաջ համապատասխանում է Թուրքիայի, այլ ոչ թե Հայաստանի ազգային շահերին: Իսկ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը նա որակեց ընդամենը որպես ազգային շահերին արձանագրությունները համապատասխանեցնելու իմիտացիա, քանի որ բոլոր էական վերապահումները թողնված էին որոշման նախաբանում, իսկ բուն որոշումն ամրագրում է, որ այս արձանագրությունները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը: Նա նաեւ նշեց, որ ՔԱՆ-ը շարունակելու է հայ-թուրքական արձանագրությունների խնդրի շուրջ հանրային քննարկումների շարքը' հնարավորություն տալով նաեւ այլ կուսակցությունների երիտասարդական կառույցներին' ներկայացնելու իրենց դիրքորոշումները:

Այս խորագրի վերջին նյութերը