Մեկնաբանություն

06.02.2010 15:20


Ադրբեջանում մտահոգված են Իրանի ազդեցության վտանգով

Ադրբեջանում մտահոգված են Իրանի ազդեցության վտանգով

Ադրբեջանի փորձագիտական շրջանակները, անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանում նկատվող աշխուժացմանը, փորձում են ներկայացնել, թե դրանում առաջին հերթին շահագրգռված է իրանական կողմը։ Որպես հիմնական փաստարկ բերվում է Իրանի կողմից Ադրբեջանին  արված՝ անցագրային ռեժիմի պարզեցման համակարգի անցնելու առաջարկը։

«Դա այն դեպքում, երբ Թեհրանն այս հարցում միշտ որոշակի զգուշավորությամբ է հանդես եկել՝ կապված այս պահին սառեցված, սակայն ցանկացած պահի բռնկման հավանականություն ունեցող՝ Հարավային Ադրբեջանի հարցի հետ»,-գրում է «zerkalo.az»-ը։

Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին՝ ադրբեջանական մամուլը «հանկարծ» հիշել է նախկին նախագահ Էլչիբեյի «Միասնական Ադրբեջանի» գաղափարը, որն իրանական կողմը,  նույն ադրբեջանցիների մեկնաբանմամբ, միշտ ընդունել է որպես սպառնալիք։ «Դա հանգեցրեց իրանա-ադրբեջանական հարաբերությունների որոշակի սառեցման։ Հենց այդ ժամանակահատվածում էլ Իրանի հյուսիսային հատվածում, որտեղ հիմնականում բնակվում են ադրբեջանցի թուրքերը, լույսի արագությամբ սկսեցին տարածվել ծայրահեղ տրամադրություններ»,-գրում է  Ջ. Բայրամովան։

Ուշագրավ է, որ  90-ականների սկզբին Իրանում բնակվող ադրբեջանցիների «միավորման» նկրտումներն այսօր Ադրբեջանում ներկայցվում է որպես «զարթնելու» պես մի բան, իսկ գործընթացը՝ անդառնալի, «ինչի դեմն առնելու նպատակով Իրանի իշխանությունները ժամանակին դիմեցին զանգվածային ճնշումների (http://www.zerkalo.az/2010-02-05/politics/6838-iran-azerbaydjan)»:

Այսօր, երբ Իրան-Ադրբեջան հատկապես տնտեսական հարաբերություններում որոշակի աշխուժացում է նկատվում, պաշտոնական Բաքուն, առայժմ տարբեր վերլուծականների, տեսակետների կամ ակնարկների մակարդակով, բարձրացնում է Իրանում բնակվող 20 մլն ադրբեջանցիների հարցը։ Ընդ որում, դա շաղկապվում է ղարաբաղյան հիմնահարցի հետ։ Այն է՝ անընդհատ փորձ է արվում հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Թեհրանից հիմնախնդրին որևէ կերպ չմիջամտելու երաշխիքներ ստանալ։

Նման փորձերն ավելի են աշխուժանում, երբ Իրան-Հայաստան համագործակցության շրջանակներում կյանքի է կոչվում հերթական պայմանավորվածությունը, կամ նորերն են ձեռք բերվում։

Զուգահեռաբար, ադրբեջանական քարոզչությանը հատուկ միապաղաղ ու կացնային ոճով սեփական հասարակությանն անընդհատ ներկայացվում է, թե «իրանա-ադրբեջանական հարաբերություններում նախկինում առկա լարվածությունը, հատկապես Հեյդար Ալիևի իշխանության գալով, աստիճնաբար մարեց, սակայն թուրքական ամեն ինչի նկատմամբ իրանցիների անբարայցկամությունը պահպանվել է»։

Այս և նման դատողությունների համատեքստում էլ Ադրբեջանն ինքն իրեն զգուշացնում է Իրանի հնարավոր ազդեցության մեծացման վտանգի մասին։  

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը