Մեկնաբանություն

02.02.2018 08:30


Նախագահական քարոզարշավի աղմուկի ներքո

Նախագահական քարոզարշավի աղմուկի ներքո

Հայաստանում նախագահական քարոզարշավ է: Աղմուկը մեծ է, բայց տակը բան չկա:

Տպավորությունն այնպիսին է, որ Արմեն Սարգսյանը ճանաչողական այցով է եկել Հայաստան: Եթե որոշի ընդունել ՀՀ նախագահ դառնալու սերժսարգսյանական առաջարկը (ընդունելու կամ չընդունելու գործոնների մասին չի խոսվում), ապա կաշխատի նախագահ (նստավայրը, թերևս, Լոնդոն) ու 7 տարվա «սռոկից» հետո կմեկնի այստեղից: Իսկ եթե որոշի չընդունել առաջարկը, ապա... Մենք կարծում ենք, որ նա հազիվ թե առաջարկը չընդունի, քանզի անշառ ու արարողակարգային գործ են առաջարկել: Հատկապես, որ բավարարել է թիվ մեկ պահանջը՝ տիրապետում է օտար լեզվի և քաղաքական տեքստ չի ասում:

Մի խոսքով, բոլորը հասկանում են, թե ինչն ինչոց է, բայց աղմկում են:

Աղմուկը կա և դա ձեռնտու է Բ26-ին: Աղմուկն այդ օգտագործվում է՝ խլեցնելու համար ապագա իշխանության կառուցվածքի հետ կապված աղմկոտ օրենսդրաիրավական գործընթացը: Խորհրդարանական կոչված համակարգի անվան տակ բոլշևիկյանի ու մահմեդականի խառնուրդ հանդիասացող մի բան է ստեղծվում, բայց առանց նավթի ու գազի:

Պարզվում է, Հայաստանի ապագա վարչապետն օրենսդրորեն շատ ավելի մեծ լիազորություններ և շատ ավելի փոքր պատասխանատվություն է ունենալու, քան կիսանախագահական համակարգում նախագահն ուներ: Ու եթե սրան գումարում ենք այն, որ նոր Սահմանադրությամբ հնարավորություն է տրված ԱԺ-ի միջոցով սահմանադրական նորմերը փոխել, ապա պարզ է դառնում, որ մեզանում գերփակ ու գերանվերահսկելի իշխանություն է լինելու:

Չի բացառվում, որ կառավարության դռնփակ նիստերի մասին որոշմանը հաջորդի խորհրդարանի դռնփակ նիստեր անցկացնելու որոշումը: Եվ ընդհանրապես, կարող է այնպես ստացվել, որ օրենքները պարզապես ընդունվեն կառավարությունում, իսկ ԱԺ-ն՝ առանց նույնիսկ ձևական քննարկումների, դակի այն ու հետո հանրությունը տեղեկանա, թե ինչ է իրեն սպասում:

ՀՀԿ-ական հաստիքայինները կհայտարարեն, որ 2017-ին իրենք ստացել են խորհրդարանի հսկիչ փաթեթն ու ինչ ուզեն կանեն: Բնականաբար՝ ժողովրդի անունից ու հանուն ժողովրդի:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Ուշագրավն այն է, որ նա, ով հավակնում է ամբողջական իշխանության, լուռ է, իսկ նա, ով ունենալու է շատ խորհրդանշական իշխանություն, քարոզ է տանում:

Այս խորագրի վերջին նյութերը