Մեկնաբանություն

01.02.2018 11:05


Վազգեն Սարգսյանի «ապտակը», Արմեն Սարգսյանի PR-ը և Չարլզի որդիները

Վազգեն Սարգսյանի «ապտակը», Արմեն Սարգսյանի PR-ը և Չարլզի որդիները

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ամբողջ կամ գրեթե ամբողջ քարոզարշավը կառուցված է Վազգեն Սարգսյանի հետ իր հարաբերությունների պատմության վրա:

Տպավորությունն այնպիսին է, որ նա փորձում է ապացուցել, որ իրեն Վազգեն Սարգսյանը չի ապտակել ու չի հեռացրել վարչապետությունից, փորձում է ցույց տալ, որ ինչքան լավ են եղել ինքն ու Վազգենը (թենիս են խաղացել, ընկերական գրազ են եկել և այլն), որ ...

Բայց ո՞ւմ է դա հետաքրքրում այսօրվա Հայաստանում: Հակասություն կամ համադրություն է ունեցել Արմեն Սարգսյանը 22 տարի առաջ Վազգեն Սարգսյանի հետ, բացարձակապես արդիական թեմա չէ: Նույնիսկ եթե հրապարակվում է Արմեն Սարգսյանի «ջիգյարով» նամակը Վազգեն Սարգսյանին, ապա դա ընդամենը դառնում է լրահոսի մաս, այլ ոչ թե լուրջ բան:

Արմեն ու Վազգեն Սարգսյանների հարաբերությունները և դրանց չերևացած կողմերը կարող են հետաքրքրել բամբասանքային ժանրի սիրահարներին, ոչ ավելին:

Այսօրվա Հայաստանն այլ խնդիրների ու մարտահրավերների առաջ է կանգնած: Հայաստանի նշանակովի/ընտրովի նախագահը պետք է դրանց մասին խոսի, թեև պարզ է, որ այդ խնդիրների ու մարտահրավերների հետ ինքը սահմանադրորեն համարյա չի առնչվելու: Չի առնչվելու, բայց կարող է գոնե տեսակետ հայտնել:

Տեսակետ հայտնելուց զատ նա պետք է նաև մի շարք, այսպես ասած, էթիկական հարցերի պատասխանի: Օրինակ՝ իր որդիների մասով:

Արմեն Սարգսյանի իմիջի բաղկացուցիչներից է այն, որ նա Անգլիայի թագուհու և արքայազն Չարլզի հետ նստող-հելնող մարդ է, առաջադեմ, արևմտյան արժեքների կրող և այլն: Թե ինչով է առաջադեմ դարձնում մարդուն Անգլիայի թագուհուն ձեռքով բարևելը կամ Չարլզի հետ Հայաստան գալը, թողնենք քաղաքական իմիջեոլոգիայի մասնագետներին: Մեզ այս թեման այլ առումով է հետաքրքրում:

Եթե Արմեն Սարգսյանը բրիտանական արժեքների ներմուծող է, ապա այդ արժեքների մեջ է մտնում հայրենիքին շատ կոնկրետ ոլորտում՝ բանակում ծառայելը:

Չարլզի երկու որդիներն էլ ծառայել ու ծառայում են բրիտանական բանակին: Չարլզի ավագ որդի Ուիլյամը ռազմական ակադեմիա է ավարտել ու ներգրավված է բրիտանական ռազմաօդային ուժերում:

Չարլզի կրտսեր որդի Հարին նույնպես զինվորական ճանապարհ է անցել և նույնիսկ մասնակցել է Աֆղանստանում ռազմական հատուկ գործողության՝ վտանգելով կյանքը: Ըստ բրիտանական մամուլի՝ Հարին ուղղաթիռով ոչնչացրել է Թալիբան շարժման լիդերներից մեկին: Թալիբանի ներկայացուցիչները իսկական որս էին հայտարարել նրա նկատմամբ, բայց անհաջողության մատնվել:

Չարլզի որդիները բանակում ծառայության անցնելով՝ պահպանել են բրիտանական պետականության ավանդույթները, ըստ որի՝ թագավորական ընտանիքի անդամները պարտադիր պետք է զինվորական ուղի անցնեն:

Հիմա հարց՝ Չարլզի հետ մտերիմ Արմեն Սարգսյանի որդիները պատրաստվո՞ւմ են հոր՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո տեղափոխվել ու բնակվել Հայաստանում: Բացի այդ՝ պատրաստվո՞ւմ են նրանք հայկական բանակում ծառայել, ասենք, «Ես եմ» ծրագրով: Այդ ծրագրով «քյասիբների» ընտանիքներին են համոզում ՀՀ ՊՆ-ից, որպեսզի համալրեն մեր բանակի թվակազմը, քանզի կատաստրոֆիկ վիճակ է: Պատրաստվո՞ւմ են արդյոք Արմեն Սարգսյանի որդիները օրինակ ծառայել ու ցույց տալ, որ իրենց հայրը տարբերվում է ՀՀ իշխող վերնախավից և չի ազատում իր որդիներին բանակից:

Ինչպես հայտնի է, իշխող վերնախավում կարծում են, որ իրենք պետք է բոլոր քեֆերն անեն, բացի բանակի քեֆից, այսինքն՝ իրենք վայելեն իշխանությունը, իսկ ժողովրդին թողնեն հայրենիքի համար ծառայելու և զոհվելու սուրբ պարտականությունը:

Այ սա շատ ավելի կարևոր թեմա է ու հարց, քան այն, թե արդյոք ապտակել է կամ չի ապտակել Վազգեն Սարգսյանը Արմեն Սարգսյանին: Մենք համոզված ենք, որ չի ապտակել, բայց դրանից Հայաստանի վիճակը չի փոխվելու:

Հայաստանի վիճակը կփոխվի, եթե Հայաստանում այլ արժեքներ դառնան առաջնային, եթե Հայաստանում փոխվեն բարքեր, եթե Հայաստանում իրական արևմտյան արժեքներ տարածվեն, այլ ոչ թե՝ արևմտյան փաթեթավորմամբ արևելյան բազառին հարիր հարաբերություններ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը