Մեկնաբանություն

31.01.2018 11:25


Նախագահական քարոզարշավը մեկնարկել է

Նախագահական քարոզարշավը մեկնարկել է

Հայաստանում մեկնարկել է ՀՀ նախագահի միակ թեկնածուի քարոզարշավը: Ճիշտ է, սա այն քարոզարշավային ձևը չունի, ինչ ժողովրդի կողմից ուղղակի ընտրվող նախագահի դեպքում էր և թենածուն էլ դեռ մտորումների մեջ է (ընդունել, թե չընդունել ՀՀԿ ղեկավարի առաջարկը), բայց ամեն դեպքում գործ ունենք քարոզարշավի հետ:

Արմեն Սարգսյանն իր քարոզարշավը սկսեց մեկ այլ Արմեն Սարգսյանի հետ՝ Վազգեն Սարգսյանի եղբոր: Ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի գերեզմանին: Այցի ենթատեքստը պարզ էր՝ «Եթե Վազգենն ինձ ապտակած լիներ, ապա ես ծաղիկներ չէի դնի նրա գերեզմանին»: Սակայն մի՞թե դա է այսօրվա ամենաարդիական թեման, որի «կուտն» ուտելն, ի դեպ, քաղաքական փորձառության ու քաղաքական դիմագծի բացակայության հետևանք է:

Եղան գրասենյակային հանդիպումներ, որոնք «գալոչկա» դնելու պես մի բան են հիշեցնում:

Եղավ նաև հարցազրույց Արամ Աբրահամյանի հետ:

Դատելով առաջին քարոզարշավային քայլերից՝ Արմեն Սարգսյանը մնում է Սերժ Սարգսյանի գծած շրջանակներում, այն է՝ որևէ քաղաքական տեքստ չի ասում: Նա չի տալիս քաղաքական գնահատական, չի տալիս քաղաքական տեսլական: Նաև չի բացում փակագծերը, թե ինչ գործոնների ազդեցության տակ կարող է համաձայնել կամ չհամաձայնել աշխատել ՀՀ նախագահ: Պարզ չի դառնում, թե ինչ է անելու և ինչ ծրագրեր ունի:

Արմեն Սարգսյանը հաճելի զրուցակից է և, ամենայն հավանականությամբ, լավ մարդ, բայց՝ քաղաքականությունից դուրս: Սակայն որքան էլ, որ նախագահի պաշտոնը նոր Սահմանադրությամբ խորհրդանշական լինի, միևնույն է այն քաղաքական է: Հետևաբար՝ քաղաքական խոսք պետք է հնչի ու քաղաքական քայլ պետք է արվի: Վազգենի գերեզմանին ծաղիկ դնելը տվյալ դեպքում լիրիկա է, այլ ոչ թե քաղաքականություն: Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցը, որքան էլ, որ լրագրողը փորձեց բերել քաղաքական դաշտ, չստացվեց. հաղորդումն այդ տեղավորվում էր հեռուստատեսային այլ ժանրի մեջ:

Պետության գլուխը խորհրդարանական կոչված համակարգում կարող է և պետք է վերկուսակցական լինի, բայց ոչ ապաքաղաքական:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը