Մեկնաբանություն

29.01.2018 08:55


Ծխախոտային արագաչափ

Ծխախոտային արագաչափ

Ծխախոտային տուգանքների հետ կապված մեծ աղմուկ կա բարձրացած: Համապատասխան օրենքը դեռ նախագիծ է, բայց բոլորն էլ հասկանում են, որ եթե մի բանի մեջ փող կա, ապա այս իշխանությունները գործում են օպերատիվ, նպատակասլաց ու հետևողական: Ա՛յ, հենց այդ փողային ենթատեքստն է աղմուկի և ներքին հակազդեցության պատճառ դարձել:

Ծխելու դեմ պայքարն ամբողջ աշխարհում է տարածվում: Հայաստանը եզակի դեպք չէ այս առումով: Ի դեպ, Հայաստանն այն երկրներից է, որտեղ, կարելի է ասել, բառադիության է մատնված ծխելու դեմ պայքարը:

Լավ է, իհա՛րկե, որ հիմա խնդիր են դրել պայքարել ծխելու դեմ, քանզի այն իրոք վնասակար է առողջությանը:

Հիմա հարց է առաջանում, որ եթե լավ բան է արվում, ապա ինչու է բողոք ու ընդվզում առաջացել: Պատասխանը շատ պարզ է՝ այս իշխանությունների ցանկացած նախաձեռնություն, նույնիսկ եթե չնչին բացառություններով դրական է լինում, արժանանում է հակազդեցության. հանրային վստահության դեֆիցիտը զգացնել է տալիս բոլոր առումներով:

Բացի այդ՝ բոլորն էլ հասկանում են, որ այս իշխանությունները ոչ թե մարդկանց առողջության մասին են մտածում, այլ փող հավաքելու: Իսկ դա նյարդայնացնում է:

Սրանք արագաչափն ու տեսախցիկները տեղադրում են ոչ թե ճանապարհային պատահարները կանխելու, այլ փող հավաքելու համար: Կարմիր գույնով փողոցը կետագծում են ոչ թե ավտոմեքենաների կայանումը կազմակերպելու, այլ փող հավաքելու համար: Խախտումների համար տուգանքների չափը մեծացնում են ոչ թե պրոֆիլակտիկայի, այլ փող հավաքելու համար: Հարկերը բարձրացնում են ոչ թե ինչ-ինչ ծրագրեր իրականացնելու, այլ փող հավաքելու և անհասկանալի ուղղությամբ ծախսելու համար:

Հենց այդ փող հավաքելու իշխանական մոլուցքն է, որ առողջ հակազդեցություն է առաջացրել ինչպես ծխողների, այնպես էլ չծխողների մոտ: Բոլոր էլ գիտեն, որ ծխախոտային տուգանքները արագաչափերի պես մի բան են, այսինքն՝ փող է հավաքվելու և ծախսվելու անհայտ նպատակներով ու հայտնի ձևերով:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Հիմա մի անեկդոտ է արդեն պտտվում՝ ասում են, թե Սաշիկը ծխախոտի վրա էլ է արագաչափ դրել:

Այս խորագրի վերջին նյութերը