Մեկնաբանություն

26.01.2018 00:05


Ո՞ւմ «մարդն» է Արմեն Սարգսյանը

Ո՞ւմ «մարդն» է Արմեն Սարգսյանը

Հայ ավանդական քաղաքական միտքը կրկին մառազմի մեջ է ընկել: Ոմանք փնտրտուքի մեջ են: Ինչ Արմեն Սարգսյանն առաջարկվել է ՀՀ նախագահի թեկնածու, փնտրում են:

Փնտրում են, որպեսզի գտնեն, թե ում «մարդն» է նա: Ամեն մեկն իրեն հուզող հարցի պատասխանը գտել է ու դեմքի խորաթափանց արտահայտությամբ ներկայացնում է հանրությանը:

Մեկն ասում է, թե նա Անգլիայի թագուհու «մարդն» է, մյուսն էլ թե՝ արքայազնի:

Մեկը կարծում է, թե նա ոչ միայն Անգլիայի թագուհու, այլ նաև ողջ Արևմուտքի «մարդն» է: Մյուսն էլ թե բա՝ ոնց որ «տակից» Ռուսաստանի «մարդն» է:

Մեկը կարծում է, որ Արմեն Սարգսյանը հա՛մ Արևմուտքի, հա՛մ Ռուսաստանի «մարդն» է:

Արտաքին դավադրությունների մեջ խորանալ չսիրողները ներքին դավադրություն են փնտրում և համոզմունք հայտնում, որ Ա. Սարգսյանը Սերժ Սարգսյանի «մարդն» է: Մյուսներն էլ նրան կապում են ՀՀ առաջին նախագահի հետ ու նրան համարում Լևոն Տեր-Պետրոսյանի «մարդը»:

Կան նաև էկզոտիկ այլ տեսակետներ հայտնողներ:

Իրականությունն այն է, որ Արմեն Սարգսյանը ոչ մեկի «մարդն» էլ չէ: Հետո ի՞նչ, որ Արմեն Սարգսյանի երեսը չտեսած ու խոսքը չլսած՝ ՀՀԿ-ում միաձայն կողմ են արտահայտվել նրան: ՀՀԿ-ում միշտ էլ ամեն ինչին կողմ են լինում, եթե շեֆն այդպես է ուզում: Ընդ որում՝ կապ չունի, թե շեֆի անուն ազգանունն ինչ է:

Եթե անպայման ցանկություն կա գտնել, թե ում «մարդն» է Ա. Սարգսյանը, ապա ասենք, որ նա ինքն իր «մարդն» է: Պարզապես ստրկամիտ մտածողություն ունեցողները չեն կարողանում պատկերացնել դա:

Եվ ուրեմն, պետք է դադարեցնել փնտրտուքը և մեկընդմիշտ ականջին օղ անել, որ ընդհանրապես ոչ մեկը ոչ մեկի «մարդը» չէ, այն էլ՝ Հայաստանում: Ամեն ինչ հարաբերական է: Լևոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, Վազգեն Սարգսյանի գործուն մասնակցությամբ վարչապետ նշանակեց Ռոբերտ Քոչարյանին: Տեսա՞ք, թե վերջում ինչ եղավ: Ճի՛շտ է, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, իսկ Քոչարյանը դարձավ նախագահ:

Քոչարյանի նախագահության շրջանում էլ Սերժ Սարգսյանը նրա անբաժանելի քաղաքական զույգն էր համարվում: Հետո ի՞նչ: Սարգսյանը դարձավ նախագահ ու ...

Վարչապետ Կարեն Կարապետյանի վրա էլ Պուտինի «փոշի» էին նստացրել: Բայց դե նա մնաց մենեջերի կարգավիճակում ու նրան չի փրկում Պուտինի «մարդը» լինելու միֆը:

Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել:

Առողջ պետության մեջ քաղաքական գործիչը կարող է լինել միայն այս կամ այն գաղափարի «մարդը»: Եթե հավատարիմ ես ու նվիրված, ապա պետք է հավատարիմ ու նվիրված լինես ընտանիքիդ, պետությանդ և դավանածդ գաղափարին, ինչպես նաև՝ անկեղծ ու ժամանակի փորձություն անցած ընկերությանը. դա լրիվ այլ բան է, ոչ թե սրա կամ նրա «մարդը» լինելու վկայություն: Բայց քանի որ մենք ունենք հիվանդ պետություն ու հասարակություն, շատերը գռեհիկ իմաստով փնտրում են, թե ով ում «մարդն» է:

Ա՛յ, երբ որ դուրս կգանք այս վիճակից, այն ժամանակ էլ կարող ենք ասել, որ անկախության անչափահասության շրջանից դուրս ենք եկել ու հասունացած շարժվում ենք առաջ:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Արմեն Սարգսյանի մասով ճիշտը ոչ թե «Ո՞ւմ «մարդն» է նա» հարցի պատասխանի հոգեմաշ փնտրտուքն է, այլ «Ինչպիսի՞ քաղաքական հայացքներ, աշխարհընկալում, գաղափարներ ու սկզբունքներ ունեցող մարդ է նա» հարցի պատասխանը ստանալը:

Արմեն Սարգսյանի տեսակետները Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական հարցերի և մարտահրավերների, ինչպես նաև լուծման ուղիների մասին հայտնի չեն: Նա իր գործի բնույթի կամ այլ հանգամանքների բերումով լռակյաց է եղել: Լավ կլիներ, հետևաբար, հիմա, երբ նա «հինգ պակաս» ՀՀ նախագահ է, խոսեր այս թեմաներով, որից հետո արդեն պարզ կդառնար, թե ինչպիսի մարդու հետ գործ ունենք: Սրանք շատ կարևոր հարցեր են և եթե այս հարցերի պատասխանները հրապարակավ չտրվեն, ապա գործ կունենանք ընդամենը մեծահարուստ մեկի հետ, ով ինչ-ինչ ներիշխանական հարաբերություններից ելնելով՝ հայտնվել է կառավարող բուրգի վերևներում:

Այս խորագրի վերջին նյութերը