Մեկնաբանություն

24.01.2018 20:40


Ինչո՞ւ ընտրվեց Արմեն Սարգսյանը

Ինչո՞ւ ընտրվեց Արմեն Սարգսյանը

ՀՀ նախագահի պաշտոնում տարբեր անուններ էին շրջանառվում, սակայն ընտրությունը կանգ առավ Արմեն Սարգսյանի վրա: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ հատկապես նրա թեկնածությունն առաջ քաշեց Սերժ Սարգսյանը:

Լրագրողական ու այսպես կոչված փորձագիտական շրջանակները տարբեր վարկածներ են ներկայացնում: Ահա դրանցից մի քանիսը.

1.Սերժ Սարգսյանն արևմտամետ քաղաքականություն է վարում և, այդ իսկ պատճառով, նշանակել է արևմտամետ Արմեն Սարգսյանին,

2.Արմեն Սարգսյանը հա՛մ արևմտամետ է, հա՛մ ռուսամետ, և ՀՀԿ ղեկավարն առաջարկել է կոմպլեմենտար թեկնածուի,

3.Արմեն Սարգսյանը զբաղված է Հայաստանի իշխանական վերնախավի ոչ լեգալ փողերի ստվերային մենեջմենտով և այդ ամենի դիմաց որպես փոխհատուցում ստացել է նախագահի պաշտոնը,

4.Բրիտանացիները մեր տարածաշրջանում ակտիվանում են և Հայաստանում ներդրել են իրենց «մարդուն»:

Կան նաև նմանատիպ ու նմանաբովանդակ այլ վարկածներ, բայց դրանք, ըստ իս, չեն արտահայտում իրականությունը (Սերժ կամ Արմեն Սարգսյանին արևմտամետ կամ ռուսամետ համարելը, առավելևս Արմեն Սարգսյանին Բրիտանիայի ներկայացուցիչ դիտարկելը քաղաքական ֆանտազիայի դրսևորում է. նրանք ոչմիբանամետ են, ավելի ճիշտ՝ սեփական շահի հետևից գնացողներ): Այդ վարկածների մեջ, իհարկե՛, կա որոշակի ճշմարտության հատիկ, բայց ընդամենը հատիկ:

Սերժ Սարգսյանը լավ կյանքից չէ, որ Արմեն Սարգսյանին առաջարկել է դառնալ ՀՀ նախագահ: Վարչապետության նա, անշո՛ւշտ ձգտում է և ամենայն հավանականությամբ կդառնա, բայց հետագայի համար լուրջ մտավախություններ ունի: Որո՞նք են այդ մտավախությունները:

Ս. Սարգսյանին հաջողվել է փոշիացնել քաղաքական դաշտը: Կուսակցություններն ու քաղաքական միավորները դարձել են ձևական երևույթներ: Առաջին պլան է մղվել փողը: Հիմա մեզանում ազդեցիկ են ոչ թե այս կամ այն քաղաքական խմբերը, կամ գաղափարները, այլ փողատերերը, որոնք հայտնվել են քաղաքական թատերաբեմում:

Հայաստանում բացի բուն իշխանությունից, փողատերերի երկու խոշոր խմբավորում կա, որոնք հավակնություններ ունեն: Այդ հավակնությունները մաքուր քաղաքական չեն: Դրանք ֆինանսական ու դիրքային հավակնություններ են, որոնք առնչվում են իշխանության հարցին, այսինքն՝ ի վերջո հավակնությունները քաղաքականացվում են և մտավախության տեղիք տալիս Ս. Սարգսյանի համար:

Այդ երկու խոշոր խմբավորումներն են՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորված թիմը, որին պայմանականորեն կարելի է անվանել «Խնամիների թիմ» և ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի («Տաշիր») շուրջ ձևավորված խումբը, որի մեջ է մտնում նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հայաստանում կան նաև այլ խոշոր փողատերեր, բայց նրանք ուղիղ Սերժ Սարգսյանի ենթակայության տակ են, կամ էլ՝ իշխանության հարցում հավակնություններ չեն ցուցաբերում, այսինքն՝ օլիգարխիկ պայքարի մեջ չունեն գլխավոր դերակատարում:

Սերժ Սարգսյանին այս փուլում հաջողվել է իրար դեմ հանել ծառուկյանականներին ու տաշիրներին, ինչը նրան հնարավորություն է տվել վերահսկելի դարձնել երկուսի գործողությունները, սակայն ՀՀԿ ղեկավարը համոզված չէ, որ այսօրվա հակառակորդները վաղը չեն հաշտվի, չեն միավորվի ու լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում իր դեմ դուրս չեն գա: Ահա այդ մտավախությունն է, որ նրան ստիպել է խաղի մեջ մտցնել 3-րդ փողատիրոջը՝ Արմեն Սարգսյանին: Նպատակը օլիգարխիկ համակարգում նոր դեմքի մուտք ապահովելն ու այլ դասավորություն ստեղծելն է:

Երբ Ս. Սարգսյանը հայտարարում էր, թե նոր նախագահը չպետք է քաղաքականացված լինի, նախևառաջ նկատի ուներ այն, որ նոր նախագահը չպետք է կապվածություն ունենա Հայաստանի մյուս խոշոր ֆինանսական խմբերի հետ: Սարգսյանի պատկերացմամբ՝ դա է հենց չեզոքությունն ու անաչառությունը:

ՀՀԿ ղեկավարը ձգտելու է Արմեն Սարգսյանի միջոցով բարդացնել փողատերերի խաղը, քանզի երեք սուբյեկտ միշտ ավելի դժվար կպայմանավորվեն, քան երկուսը: Բարդացնելով խաղը՝ նա փորձելու է փխրուն հավասարակշռություն ստեղծել ու պահել իշխանությունը: Կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ, ցույց կտան առաջիկա ամիսները:

Մեկ բան հստակ է՝ նոր Սահմանադրության պայմաններում Հայաստանին բնորոշ է լինելու պետական կառավարման քաոսը և զարգացումների անորոշությունը: Մեծանալու է ֆորսմաժորների, պալատական հեղաշրջումների և հանրային ցնցումների հավանականությունը:

Նոր Սահմանադրությամբ ՀՀ-ի տակ ական է դրված ու չի բացառվում, որ այդ ականի պայթյունից առաջացած փլատակների տակ մնան հենց ականապատողները: Դեռ հնուց խոսք կա, որ խորամանկ աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը