Մեկնաբանություն

24.01.2018 14:35


Սերժ Սարգսյանի ապրիլը

Սերժ Սարգսյանի ապրիլը

Արդեն հայտնի է դարձել, թե երբ տեղի կունենան ՀՀ նախագահի ու վարչապետի քվեարկություններն Ազգային ժողովում:

Խորհրդարանը նախագահ կընտրի մարտի 2-ին (իրականում սահմանադրորեն քվեարկության օրը մարտի 1-ը պետք է լիներ, սակայն, հասկանալի պատճառներով, խուսափել են այդ օրը նախագահ ընտրելու մտադրությունից), իսկ վարչապետ՝ ապրիլի 17-ին:

Եթե արտառոց որևէ բան տեղի չունենա, ապա Արմեն Սարգսյանը կդառնա ՀՀ նախագահ: Մե՞կ, թե՞ երկու փուլով դա կլինի, պարզ կդառնա «Ծառուկյան» դաշինքի վարքագծից:

Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածությանն ու քվեարկությանը, ապա գոնե այս պահին ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այլոց շուրթերով ինքնաառաջադրվելու է վարչապետի պաշտոնում (նրա՝ վարչապետ չդառնալու խոստումը կարժանանա մյուս խոստումների ճակատագրին):

Ճիշտ է, Կարեն Կարապետյանը հրապարակավ դեռ չի հրաժարվել վարչապետի աթոռին մնալու ցանկությունից, բայց մի բան է ցանկությունը և լրիվ այլ բան կարողությունը: Կարապետյանը քաղաքական առումով ոչ մի քայլ չձեռնարկեց, որպեսզի իր ցանկությունը գործնականում կյանքի կոչվի և բնական է, որ այս պայմաններում Սերժ Սարգսյանը պետք է ինքնաառաջադրվի ու «աշխատավորական կոլեկտիվների» ծափողջույնների ներքո փաստացի գնա իշխանավարման 3-րդ ժամկետի:

Այս պահին «ռասկլադն» այսպիսին է: Ու չնայած այս արտաքին «խախանդությանը», զգացվում է, որ Սերժ Սարգսյանն անհանգիստ է:

Բանն այն է, որ ապրիլի 9-ին ավարտվելու է ՀՀԿ ղեկավարի նախագահական լիազորությունների ժամկետը և մինչև ապրիլի 17-ը նա մնալու է անպաշտոն, ինչը նրա հետ չի պատահել նախորդ դարից:

Ինչպես հայտի է, Սերժ Սարգսյանը Սովետական Ադրբեջանի կազմում գտնվող Ղարաբաղում էլ է ունեցել պաշտոն (կոմսոմոլական ու ագիտպրոպական գծով), անկախ Ղարաբաղում էլ, անկախ Հայաստանում էլ:

Հետանկախական շրջանում Սարգսյանը միայն մի քանի ամիս պաշտոն չի ունեցել (դա պատերազմի բուռն շրջանում էր, երբ նա հեռացավ Ղարաբաղից ու հայտնվեց Մոսկվայում): Ապրիլի 9-ից հետո Սարգսյանը պաշտոն չի ունենալու 7 օր՝ մինչև քվեարկությունը: Թե ինչ կարող է լինել այդ մեկ շաբաթում, դժվար է ասել:

ՀՀԿ-ական «պերեբեժչիկները» վաղուց «աբիժնիկի» կարգավիճակում են ու դեռ հայտնի չէ, թե իրականում ինչպես կպահեն իրենց այդ յոթ օրվա ընթացքում (մանավանդ, որ փոփոխության հանրային սպասում կա): Հատկապես երբ պարզեն, որ արդեն իրենք են իշխանությունը, այլ ոչ թե Բ26-ում նստած մարդը և իրենցից է կախված, թե ով է լինելու իշխանությունը: Եթե այդ պայմաններում կողքից էլ փողոցում հավաքվեն մարդիկ ու պահանջեն պատգամավորներից հարգել Սերժ Սարգսյանի խոստումը, ապա նախապես պլանավորած իդիլիան կարող է վերանալ մեկ ակնթարթում:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը